Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում պատասխանելով հետպատերազմյան շրջանում ԱՄՆ դերակատարության մասին հարցին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն բացակայում է, ԱՄՆ վարչակազմի կողմից հունվարից ի վեր ոչ մի հաղորդագրություն չի ստացել:
«Արդեն ապրիլն է: Զրո: Եվ ոչ մի զանգ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Ըստ Report պորտալի՝ Ալիեւը չի մոռացել նշել, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեռ հունվարին զանգել է Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանին:
«Չգիտեմ՝ ինչի մասին են խոսել, բայց հավասարակշռությունը խախտվել է: Ես չեմ ասում, թե ուղերձի ենք սպասում: Սակայն Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: ԱՄՆ-ն գոնե արտաքուստ պիտի հավասարակշռված մոտեցում ցուցաբերեր»,- նշել է Ալիեւը:
Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ առ այսօր ԱՄՆ վարչակազմից ստացած միակ հաղորդագրությունը նախագահ Ջո Բայդենի շնորհավորանքն է եղել Նովրուզի առիթով: