2022-ի ընթացքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել գանգատ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ: Սկզբնական հայցը ներկայացվել էր 2021-ի սեպտեմբերի 16-ին, ամբողջական հայցը՝ 2023-ի հունվարի 23-ին:
Ըստ ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2022-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի, ի հեճուկս 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, Ադրբեջանը մինչ օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ: 2022-ի ընթացքում հաջողվել է ապահովել 31 գերեվարված հայ քաղաքացու վերադարձը:
Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով: 2022-ին ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր եւ մարմինների գտնվելու հնարավոր վայրերի երեք քարտեզ: