ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ամփոփելով Ճապոնիայի Կարուիձվա հանգստավայրում G7-ի երկրների նախարարական հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարեւոր է համարում Չինաստանի հետ կապի ուղիների պահպանումը, հարաբերություններում առաջընթաց է ակնկալում՝ պայմանով, որ Պեկինը «կհստակեցնի իր մտադրությունները»: Բլինքենը, նշելով, որ աշխարհի երկրները Վաշինգտոնից ակնկալում են՝ ԱՄՆ-ը պատասխանատու կերպով կկառավարի իր հարաբերությունները Չինաստանի հետ, հավելել է, որ դա սկսվում է փոխգործակցությունից։
ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ ընդառաջ գնալու ակնկալիքներ կան, սակայն Չինաստանից էլ պահանջվում է, որ նա հստակեցնի իր մտադրությունները: «Եթե նրանք գնան այդ քայլին, ակնկալում եմ՝ կկարողանանք համագործակցության ուղիներ գտնել, ինչպես պայմանավորվել են նախագահները Բալիում անցկացված հանդիպման ժամանակ»,- ասել է Բլինքենը։
Ավելի վաղ Պեկինը համաձայնություն չէր տվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Չինաստան այցին: ԱՄՆ պետքարտուղարի այցը Չինաստան նախատեսված էր փետրվարին, սակայն ԱՄՆ օդային տարածքում հայտնված չինական սարքի պատճառով Բլինքենի ուղեւորությունը հետաձգվել էր։ Չինական կողմը մտավախություն ունի, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն կհրապարակի ամերիկյան բանակի խոցած չինական հետախուզական օդապարիկի հետաքննության արդյունքները: