2005-2010 եւ 2015-2020 թվականներին Արցախի Ազգային ժողովն ունեցել է ընդդիմադիր․․․ մեկ պատգամավոր։ Առաջինը Գեղամ Բաղդասարյանն էր, երկրորդը՝ Հայկ Խանումյանը։ Ընդ որում, Գեղամ Բաղդասարյանը՝ ոչ լրիվ ժամկետով։ Նա «Շարժում 88-ՀՅԴ» դաշինքից հեռացավ 2007-ին, երբ չընդունեց նախագահի «միասնական թեկնածուի» նախագիծը եւ սատարեց ընդդիմադիր թեկնածու Մասիս Մայիլյանին։
Խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը պաշտպանեցին Բակո Սահակյանին։ Այդուհանդերձ, եթե հիշողությունս չի դավաճանում, Մասիս Մայիլյանը ստացավ քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 14 տոկոսը։ Արցախյան ավտոկրատիայի, քաղաքական ուժերի եւ վարչական մեքենայի խստագույն համախմբվածության համեմատ շատ շոշափելի արդյունք էր, քանակական առումով՝ շուրջ 10 հազար քվե, որ, սակայն, մնաց «անտեր»։
Մի Գեղամ Բաղդասարյան, որքան էլ գրագետ, դիտողունակ եւ պերճախոս, չէր կարող Ազգային ժողովում պաշտպանել երկրորդ կարծիքի իրավունքը, մանավանդ՝ իրացնել։ Նույնը՝ Հայկ Խանումյանի դեպքում, հատկապես 2016-ի ամռանը խորհրդարանի իր աշխատավայրից առեւանգվելուց, դաժան ծեծի ենթարկվելուց հետո, որ այդպես էլ մնաց անհետեւանք։ Ի դեպ, այսօր քաղաքացիների իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այն ժամանակ Երեւանից Արցախի ՄԻՊ էր «բերվել»։ ԱԺ պատգամավորի առեւանգումը, նրա նկատմամբ հաշվեհարդարը նորանշանակ ՄԻՊ-ի համար յուրօրինակ «թեստ» էր, բայց նա նույնիսկ «թեմային» մոտ չեկավ։ Սա՝ ի գիտություն։
Նախագահի «միասնական թեկնածուի» քաղտեխնոլոգիան գործեց նաեւ 2012-ի ընտրություններում։ Բակո Սահակյանի մրցակիցը գեներալ Վիտալի Բալասանյանն էր։ Քվեարկության արդյունքներն Արցախի համար աննախադեպ էին․ յուրաքանչյուր երրորդ ընտրող ձայնը տվել էր գործող նախագահի մրցակցին։ Բայց Վիտալի Բալասանյանն էլ «իր ընտրազանգվածին տեր չկանգնեց»։ (Թեեւ նրա անվան հետ է կապվում ավելի ուշ «Արդարություն» կուսակցության ստեղծումը։) Դա ուղղորդվա՞ծ դիրքորոշում էր, թե՞ Բալասանյանը «հոգնեց»՝ այսօր չափազանց դժվար է պարզել։ Իրողություն է, որ նախագահ վերընտրված Բակո Սահակյանը երեք՝ «Ազատ հայրենիք», ՀՅԴ եւ «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունների քաղաքական համախոհության մարմնավորումն էր, թեեւ Դաշնակցությունը ֆորմալ առումով ինքնադրսեւորվում էր որպես «կառուցողական ընդդիմություն»։
Իսկ «արշալույսներն» արդեն խաղաղ չէին։ 2014-ի ամռանը շփման գծում իրավիճակը գրեթե «պատերազմական» էր։ Ադրբեջանը նաեւ Քարվաճառում դիվերսիոն ներթափանցում իրականացրեց, սպանվեց Չարեքտարի պատանի բնակիչ Սմբատ Ցականյանը։ Դիվերսանտներից մեկը Արցախի իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ ոչնչացվեց, երկուսը կալանավորվեցին եւ դատարանի վճռով պատժվեցին։ Նոյեմբերին Ադրբեջանը խոցեց ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ռազմական ուղղաթիռը։ Բաքվի մամուլը գրեց, որ շփման գծի հարավարեւելյան հատվածում առաջին անգամ կիրառվել է իսրայելական ԱԹՍ-«կամիկաձե», որը «ոչնչացրել է «Օսա» ՀՕՊ կայանք՝ անձնակազմով հանդերձ»։ Այս տեղեկությունը ՊԲ մամուլի ծառայությունը հերքեց, բայց ակնհայտ էր, որ իրավիճակը «գլորվում է» դեպի լայնածավալ առճակատում։
Արցախում քաղաքական «անդորրը» խախտելու փորձ ապրիլյան քառօրյայից հետո ձեռնարկեց ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Ստեփանակերտի հուշահամալիրում նրան դիմավորեց մի քանի հազար մարդ։ Գործող նախագահ Բակո Սահակյանի լիազորությունների ավարտին մնացել էր մեկ տարի։ Բաբայանի վերադարձը, իրավիճակի նրա գնահատականը եւ անելիքների մասին բավական թափանցիկ շեշտադրումները Ստեփանակերտում ընկալվեցին որպես իշխանության «վերատիրանալու» հայտ։
Հաջորդեց «սահմանադրական փոփոխությունների» իշխանական նախաձեռնությունը։ 2017-ի փետրվարին ընդունվեց նոր «մայր օրենք», որն անցումային դրույթներից մեկով Ազգային ժողովին լիազորում էր եռամյա ժամկետով նախագահ ընտրել, մինչեւ կսպառվեր Ազգային ժողովի մանդատը։ Սեպտեմբերին խորհրդարանը Բակո Սահակյանին ընտրեց նախագահ։
2019-ի ամռանը Սամվել Բաբայանը ստորագրահավաք նախաձեռնեց՝ խնդիր ունենալով հասնելու սահմանադրական փոփոխության, որն իրեն թույլ կտար 2020 թվականի նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրվել։ Գործընթացը, իհարկե, իրավական առումով խնդրահարույց էր, Գերագույն դատարանը մերժեց, բայց Բաբայանի «վերադարձի» օգտին անվանական ստորագրություն էր տվել մոտ 25 հազար քաղաքացի։
Դա «համախոհության» բացահայտ ֆիասկոն էր, որ ավելի առարկայան դրսեւորվեց նախագահական ընտրություններում 14 թեկնածուի առաջադրման եւ գրանցման փաստով։ Ընդ որում, երկու ընտրություններում եւ խորհրդարանական քվեարկությամբ Բակո Սահակյանի «միասնական թեկնածությունը» պաշտպանած կուսակցությունները 2020 թվականի նախագահի իրենց թեկնածուներին առաջադրեցին։
Ինչո՞ւ տրոհվեց «համախոհությունը»։ Այս հարցին պատասխանելուց առաջ, երեւի, հարկ է հասկանալ՝ իսկ 2007-ին ինչո՞ւ ստեղծվեց։ Ինչո՞ւ 2017-ի «նոր սահմանադրությամբ» լուծարվեց վարչապետի պաշտոնը, որ տասը տարի զբաղեցնում էր «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիր առաջնորդ Արայիկ Հարությունյանը։
Ապագա քաղաքագետ-պատմաբանը, հավանաբար, բաց եւ առայժմ փակ, որ տասնամյակներ հետո հասանելի կլինեն, աղբյուրներից կքաղի «մանրուքներ», կհամադրի, պատասխան կունենա։ Մեզ այս պահին մնում է դառնորեն արձանագրել, որ արցախյան համախոհությունը միայն ավերածություններ է գործել։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։