Երկար ժամանակ մենք անպետություն ժողովուրդ եղել ենք։ Հոգացել ենք մեր հոգսերը, մշակույթ ենք կերտել, կայսրություններին ենք ծառայել, պետություն, բայց, չենք ունեցել։ Հետեւաբար չենք ունեցել նաեւ պետության նկատմամբ պատասխանատվություն:
20-րդ դարի վերջին, ի թիվս այլ ժողովուրդների, փայլեց նաեւ մեր աստղը։ Արդեն 30 տարի է՝ պետություն ունենք, բայց, ցավոք, հին սովորությամբ այն չենք գնահատում։ Զգացմունքներին ու երազանքներին տրված` վտանգում ենք այն։ Իրականությունից կտրված ծրագրեր ենք հյուսում ու լծվում դրանց կենսագործմանը։ Արդյունքում՝ հասանք 2020-ի ծանրագույն պարտությանը, որը մեզ համար, որքան էլ զարմանալի է, սահմանագիծ չդարձավ։ Այսքան ժամանակ անց դեռ չենք հասկացել, որ բոլորովին նոր իրավիճակ է, ինչին էլ պետք է հարմարեցնենք այսօրվա մեր խնդիրները։ Պետք է գիտակցենք խորապես․
- Հայաստանը պարտվել է պատերազմում:
- Պարտության արձանագրումից հետո հակառակորդի առաջխաղացումը չի դադարել:
- Հակառակորդը տեղակայվել է Հայաստանը շրջապատող բարձունքներում ու իր թիրախի տակ է պահում մեր բնակավայերը եւ մեր մայրուղիները:
- Հակառակորդը տեղակայվել է Հայաստանի սուվերեն տարածքում:
- Հակառակորդն իր ագրեսիվ ծրագրերից չի հրաժարվել:
- Մենք դիմակայելու մեծ ռեսուրս չունենք:
- Մեր երկրի ներսում անառողջ մթնոլորտ է, քաղաքականության փոխարեն ատելություն է ու թշնամություն։
Պարտությունը միայն իշխանություններինը չէ։ Իշխանություններին մատնացույց անելով` նրանց միակ պատասխանատու ու միակ մեղավոր հայտարարելով հնարավոր չէ ազատվել պարտության բեռից։ Վերջին հաշվով՝ պարտվել է Հայաստանի Հանրապետությունը։
Հետպատերազմյան շրջանի մեր ամենամեծ սխալը մենք արդեն թույլ ենք տվել՝ բանակցող չենք փոխել։ Պարտությունից անմիջապես հետո նման անհրաժեշտության մասին շատ է խոսվել։ Սա Փաշինյանի դեմ չէր։ Սա քոչարյանների օգտին չէր։ Սա հանուն Հայաստանի էր, հանուն մեր պետության էր։ Անչափ կարեւոր էր բանակցողի փոփոխությունը։ Չփոխվեց։ Հաղթեցին հույզերը։ Հաղթեցին վախերը։ Որպես արդյունք՝ շարունակվում է մեր պարտությունը։
Հանրային դաշտի շատ դերակատարներ, սակայն, պարտությունն իրենցը չեն համարում։ Իշխանություններին մատնացույց անելով՝ պարտությունից տարանջատվել են փորձում։ Պարտության թելադրանքները, որոնց մեր երկիրը ենթարկվում է, չեն ընդունում։ Ականջահաճո խոսքն ու պաթետիկ հայրենասիրությունն են նախընտրում։ Մինչեւ պարտություն եղած բառապաշարն են օգտագործում։ Հակառակորդի հետ զրույցը մերժում են։ Խոսում են ոչինչ չզիջելուց։ Իսկ թե ինչպես է դա հնարավոր եւ ինչ վտանգներով է հղի, չեն ասում։ Իշխանությունն էլ իր հերթին է պարտության բեռն իր հակառակորդների ուսերին բարդում։
Պետությունը գնահատելու, այն առաջին տեղում ունենալու պարագայում նման մոտեցում չպետք է լիներ։ Չպետք է լիներ անպետություն ժողովրդին վայել այս վարքը։ Պետք է հաղթեր իրատեսությունը, հնարավորությունների ու ցանկությունների ճիշտ համադրումը։
Պետությանը սպառնացող վտանգները տեսնելու եւ դրանք շրջանցելու-չեզոքացնելու միտքը պետք է գերիշխեր։ Փոխարենը՝ արկածախնդրություն է ու անպատասխանատվություն։ Ինչպես մինչեւ պատերազմն էր։ Ինչպես պատերազմի ընթացքում էր։ Այս պատճառով է նաեւ, որ պարտությունը շարունակվում է։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։