Ըստ «Արմենպրես»-ի՝ Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ:
Խծաբերդի հատվածում գերի ընկածների հարազատները ապրիլի 13-ից դարձյալ փակել են Շիրակի մարզպետարանի մուտքն ու ելքը:
Բողոքի ցույցի մասնակիցներն ամբողջ գիշեր մնացել են մարզպետարանի շենքի մոտ։
Երեկոյան նրանք թույլ են տվել, որ մարզպետարանի կին աշխատակիցները դուրս գան շենքից, իսկ տղամարդիկ մնացել են ներսում։ Գերիների հարազատներն ասել են, որ տղամարդիկ հոժարակամ են մնացել, իրենք բռնի ուժով չեն ստիպել:
Հարազատների պահանջը նույնն է. վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում եւ իրենց զինվորների հարցի լուծում։
Նրանք հայտարարել են, որ մինչեւ վարչապետը չգա, իրենք մարզպետարանից չեն հեռանա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի դիրքերից գերեվարվել է 64 պահեստազորային: Նրանցից հայրենիք են վերադարձվել դեռեւս միայն 8-ը։ Գերեվարվածներից 62-ը Շիրակի մարզից է։