Ըստ ֆինանսական MarketWatch պարբերականի՝ Միացյալ Նահանգների ամենահարուստ մարդկանց ներառող «Հայրենասեր միլիոնատերեր» շարժման ակտիվիստները ապրիլի 19-ին հավաքվել են Կոնգրեսի մոտ եւ օրենսդիրներին խնդրել են բարձրացնել հարուստ անհատների հարկերը: Շարժման ղեկավար Մորիս Փերլը քննադատել է ներկա հարկային համակարգը եւ այն «անհեթեթ» գաղափարը, թե հարուստների համար հարկերի կրճատումը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը եւ դրական կազդի մյուսների վրա: «Սա տնտեսական մանիպուլյացիա է, եւ Ամերիկան վճարում է դրա գինը»,- ասել է նա։
«Հայրենասեր միլիոնատերեր» շարժումն առաջարկում է ներդնել առաջադեմ հարկային համակարգ եւ սահմանել90 % եկամտային հարկ տարեկան ավելի քան 100 միլիոն դոլար եկամուտ ունեցող անձանց նկատմամբ, ինչպես նաեւ հավասարապես հարկել 1 միլիոն դոլարից ավելի բոլոր եկամուտները՝ անկախ դրանց բնույթից՝ լինի կապիտալ շահույթ, ժառանգություն, թե աշխատավարձ։ Ակտիվիստների համոզմամբ՝ այդ միջոցները կօգնեն կանխելու սոցիալական անհավասարության խորացման պայմաններում սկսված հասարակական անկարգությունները: Շարժումն ավելի քան 10 տարի է, ինչ պահանջում է բարձրացնել մեծահարուստների հարկերը։