ԱՄՆ կոնգրեսական Քեթի Փորթերը հայտարարել է, որ Լաչինի միջանցքն արգելափակելով՝ Ադրբեջանը մեկն նպատակ է հետապնդում՝ կյանքն անհնար դարձնելու համար պայմաններ ստեղծելու եղանակով ստիպել Արցախի էթնիկ հայերին հեռանալ իրենց հայրենիքից։ Ըստ կոնգրեսականի՝ ԱՄՆ-ը պատասխանը դրան նույնպես պետք է հստակ լինի․ Միացյալ Նահանգները պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի իր ագրեսիայի համար։ «Մենք նաեւ պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Բայդենի վարչակազմը ավելի ակտիվ լինի եւ քայլեր ձեռնարկի այս շրջափակումը վերացնելու համար։ Ամերիկացի հարկատուները չպետք է հովանավորեն Ադրբեջանի թշնամանքը հայ ժողովրդի դեմ։ Այնքան ժամանակ, որքան շարունակվելու է ագրեսիան, Ադրբեջանը չպետք է ստանա որեւէ ռազմական աջակցություն»,- նշել է Փորթերը։
Արցախի դեմ Բաքվի գործողությունները Հայոց ցեղասպանության շարունակությունն է․ Փալոն
Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը հայտարարել է, որ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, Լաչինի միջանցքի արգելափակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն են: Նա հավելել է, որ Արցախում մարդիկ զրկանքների են ենթարկվում՝ չունենալով բավարար քանակությամբ սնունդ, բավարար քանակությամբ դեղորայք: «Դա ցեղասպանություն է թվում, սակայն մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա: Սակայն դա նույն երեւույթն է՝ անկախ նրանից դա Ադրբեջանն է իրագործում թե Թուրքիան»,- շեշտել է կոնգրեսականը:
Ֆրենկ Փալոնը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի եւ Մինսկի խմբի մյուս համանախագահների գործադրած ճնշումն, ի վերջո, կնպաստի միջանցքի վերաբացմանը, եւ որ բանակցությունների արդյունքում Արցախն, ի վերջո, կճանաչվի հայկական տարածք: Փալոնը եւս մեկ անգամ շեշտել է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու անթույլատրելիությունը: