ՀՀ նախագահի բարձր պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը ապրիլի 18-20-ը պաշտոնական այցով Լիտվայում էր։
Նախագահին, ինչպես երեւում է, ոչ մի լրատվամիջոցի լրագրող չէր ուղեկցում, եւ այդ այցի մասին տեղեկությունները ստանում էինք միայն պաշտոնական հաղորդագրություններով։
Արդ, ի՞նչ է մեզ փոխանցում նախագահի պաշտոնական կայքը։
Այցի մասին առաջին հաղորդագրությունը հետեւյալն է՝ «Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 18-20-ը պաշտոնական այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն։ Այցի շրջանակում նախագահը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահի և բարձրաստիճան ղեկավարության հետ, կմասնակցի հայ-լիտվական գործարար համաժողովի բացմանը»։
Որեւէ տեղեկություն, թե ովքեր են ընդգրկված պատվիրակության կազմում, ովքեր են նրան ուղեկցում, չկա։
Սովորաբար նման այցերից առաջ նախագահը կարգադրություն է ստորագրում՝ պատվիրակության կազմը հաստատելու եւ ծախսերի մասին։ Մենք ստուգեցինք նախագահի պաշտոնական էջի «Կարգադրություններ» բաժինը։ Այդ բաժնում տեղադրված վերջին կարգադրությունը 2022 թվականի դեկտեմբերի 8-ով էր թվագրված եւ, բնականաբար, Լիտվա այցի հետ ոչ մի կապ չուներ։
Հիմա տեսնենք, թե բուն այցից ինչ է մեզ հրամցնում նախագահի պաշտոնական կայքը։ Թվարկենք միայն վերնագրերի մի մասը. «Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչներին», «Լիտվայի նախագահի նստավայրում կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի հանդիպումը», «Հայաստանի և Լիտվայի նախագահները հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով», «Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովի բացմանը», «Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի խոսնակ Վիկտորիա Խմելիտե Նիելսենի հետ», «Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ»։
Եվ հանկարծ այս պաշտոնական հաղորդագրություններից զատ, Արմենպրեսը փոխանցում է մի տեղեկություն, որը նախագահականը թաքցրել էր։ Ահա այդ տեղեկությունը՝ «Հայաստանի Հանրապետության նախագահի դուստրը՝ Արփի Խաչատուրյանը, ով ուղեկցում է նախագահին Լիտվա կատարած պաշտոնական այցի ընթացքում, կհանդիպի Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեի հետ։ Ինչպես հայտնել է Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը, Լիտվայի առաջին տիկինն ու ՀՀ նախագահի դուստրը կայցելեն Վիլնյուսի համալսարանի Սանտարոս Կլինիկոս հիվանդանոց, որտեղ նրանց կներկայացվի առաջադեմ տեխնոլոգիաների դերը վաղաժամ ծնված երեխաների առողջության պահպանման հարցում»։
Փաստորեն, այն մասին, որ ՀՀ նախագահին ուղեկցում է նաեւ նրա դուստրը, հայաստանցին իմանում է Լիտվայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունից։ Այսինքն՝ եթե այդ հաղորդագրությունը չլիներ, մենք այդպես էլ չէինք իմանա դա։ Հիմա արդեն պարզ է, թե ինչու է ՀՀ նախագահի կայքը թաքցնում պատվիրակության կազմը։
Բայց քանի որ տեղեկությունն արդեն իսկ դարձել է հանրության սեփականությունը, ապա ես՝ շարքային քաղաքացիս, որի վճարած հարկերից է նաեւ ձեւավորվում այն գումարը, որի հաշվին նախագահն ու նրա դուստրը մեկնել են Լիտվա, մի քանի հարց ունեմ։
1. Հարգելի պարոն Խաչատուրյան, ես համացանցում փնտրեցի եւ չգտա, թե Արփի Վահագնի Խաչատուրյանը ինչով է զբաղվում, ինչ պաշտոն ունի եւ ինչ հանրային գործունեություն է ծավալում։ Մի՞ թե նախագահի դուստր լինելն արդեն իսկ պաշտոն ու կոչում է, եւ ըստ այդ պաշտոնի ու կոչումի՝ նա կարող է ուղեկցել նախագահին՝ մեր վճարած հարկերի հաշվին։
2. Ձեր դուստրն ի՞նչ կարգավիճակով էր ուղեկցում Ձեզ, եւ ի՞նչ օգուտ է ստանալու Հայաստանը Ձեր դստեր այցից։
3. Ինչո՞ւ եք թաքցնում, թե Ձեր պաշտոնական այցի ժամանակ ովքեր են ուղեկցում Ձեզ։
4. Իրավունք ունե՞մ ես՝ շարքային քաղաքացիս, կասկածելու Ձեր խոսքերի անկեղծությանը, եթե անգամ ամենահասարակ հարցի՝ Ձեզ ուղեկցողների դեպքում դուք հանրությունից թաքցնում եք կարեւոր տեղեկությունները։
Գրում էի հարցերն ու մտածում, որ միջին վիճակագրական քաղաքացին հիմա կասի. «Դե, եթե Նիկոլ Փաշինյանը կնոջից բացի նաեւ դստերն է տանում Գերմանիա այցի, Վահագն Խաչատուրյանն ինչո՞ւ պիտի նրանից հետ մնա։ Պաշտոն է՝ վայելում է, էլի։ Բա տուն չպահի՞, հնարավորությունները չօգտագործի՞ բյուջեի հաշվին երեխեքին աշխարհով մեկ ման տալու։ Էդ ո՞ր մեղր ծախողը մատը չի լիզում»։
Երեւի Խաչատուրյանն էլ առաջնորդվել է այս տրամաբանությամբ։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։