Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ՝ Պետդումայի պատգամավոր Օլեգ Մատվեյչեւի «անընդունելի հայտարարությունների» պատճառով:
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի կոմիտեի նախագահ Օլեգ Մատվեյչեւը հայտարարել էր, որ Անկարային ու Բաքվին դուր չեն գալիս 2020 թվականին ընդունված եռակողմ հայտարարությունները։ Նա շեշտել է, որ Բաքուն եւ Անկարան ձգտում են վերսկսելու ղարաբաղյան հակամարտության թեժ փուլը՝ փորձելով հայկական կողմին հրահրել պատասխան գործողությունների:
«Պատգամավորի արտահայտություններն անընդունելի են եւ ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը»,– ասված է հաղորդագրությունում։ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը նշում է, որ նման հայտարարությունները ստվեր են գցում Ռուսաստանի միջնորդական գործունեության վրա։