Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ արգենտինացի գիտնականները ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով ուշագրավ գիտափորձ են արել:
Բրիտանական The Lancet բժշկագիտական պարբերականը նշել է, որ ըստ հետազոտության տվյալների՝ «Սպուտնիկ V»-ի անգամ առաջին չափաքանակը բավական բարձր իմունային արձագանք է հարուցել օրգանիզմում:
Արդյունքների մասին տեղեկությունը հաստատել է Արգենտինայի կառավարության մամուլի ծառայությունը:
Մարտի վերջին Արգենտինայի իշխանությունները որոշել էին քաղաքացիներին պատվաստել «Սպուտնիկ V»-ի առաջին չափաքանակով, իսկ երկրորդ պատվաստումը երեք ամսով հետաձգել: Փորձի հաջողության դեպքում հնարավորինս շատ մարդ կկարողանա պատվաստվել պատվաստանյութի անբավարարության պարագայում:
Գիտափորձին մասնակցած 288 կամավորից 94%-ի օրգանիզմում իմունային արձագանքը պատվաստանյութի միայն մեկ չափաքանակի նկատմամբ ի հայտ է բերել հակամարմինների բավարար առկայություն:
Հետազոտությունը ցույց է տվել, որ «Սպուտնիկ V»-ի մեկ չափաքանակով պատվաստելուց հետո ավելի վաղ վարակվածների օրգանիզմում հակամարմինների քանակը 4,6 անգամ ավելի բարձր է, քան չվարակված կամավորների օրգանիզմում, որոնք կրկնակի չափաքանակի սխեմայով են պատվաստվել: