ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 21-ին հայտնել է, որ նախատեսվում է ՀՀ-ում ներդնել իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: Իգական սեռի քաղաքացիների զինպարտադիր ծառայության ժամկետը վեց ամիս է: Լիարժեք ծառայության դեպքում իգական սեռի ներկայացուցիչները ծառայության ավարտին կստանան 1 միլիոն դրամ պատվովճար:
Նախարարը շեշտել է, որ պարտադիր զինծառայության դիմած իգական սեռի քաղաքացիներին ընտանեկան պայմաններով պայմանավորված վաղաժամկետ արձակման հնարավորություն չի տրվելու, սակայն մինչեւ զորակոչի օրը նրանց ծառայությունից հրաժարվելու հնարավորություն է ընձեռվելու: Զորակոչված իգական սեռի ներկայացուցիչները, ըստ նախագծի, առանց վիճակահանության կնշանակվեն ուսումնական զորամասերում եւ կծառայեն բացառապես տվյալ զորամասերում։ Օրենքի կիրարկումը տեղի կունենա ձմեռային զորակոչի ժամանակ:
Ըստ նախագծերի փաթեթի` սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների՝ այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառմանը, զորակոչին, ծառայության վայր նշանակմանը, ծառայության ավարտից հետո պատվովճարի հաշվարկմանը առնչվող հարաբերությունները: Համապատասխան երկու օրենքներում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը ներկայացվելու է ԱԺ քննարկմանը: