Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի քարտուղարությունն ընդունել է Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության դեմ «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գեորգի Թումասյանի դիմումը: Մասնավորապես, բողոքը վերաբերում է ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Տեղ գյուղում ծավալված գործողություններին: Թումասյանը «Մթավարի արխի»-ի դեմ խարտիա հայց է ներկայացրել երկու մասով. առաջին դեպքում ընդդիմադիր հեռուստաընկերությունը «Կրակոցներ հայ-ադրբեջանական սահմանին» վերնագրով հրապարակում է արել՝ հղվելով միայն Ադրբեջանի ՊՆ-ին, մինչդեռ հայկական կողմին հղում չի արվել: «Սրանով «Մթավարի արխի»-ն խախտում է էթիկայի բալանսը»,- ասում է Թումասյանը:
Երկրորդ դեպքում հեռուստաընկերությունն իր ֆեյսբուքյան էջում ազդագիր է տեղադրել, որում նշվում է՝ «Ղարաբաղում 3 ադրբեջանցի եւ 4 հայ զինվոր է զոհվել»: Ըստ Թումասյանի՝ այստեղ տեղեկությունը փաստացի սխալ է ներկայացվում. «Գործողությունները տեղի են ունեցել ապրիլի 11-ին՝ Տեղ գյուղի հատվածում, որը ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի Հանրապետության տարածք է»:
Թումասյանը, խարտիայի քայլը դրական գնահատելով, ակնկալում է, որ այնպիսի որոշում կընդունվի, որով «Մթավարի արխի»-ի տեղեկությունը հրապարակայնորեն իրականությանը չհամապատասխանող կճանաչվի: Թումասյանը նկատում է՝ այս դեպքը առաջինը չէ, ինչպես «Մթավարի արխի»-ն, այլ լրատվամիջոցներ եւս քանիցս աղավաղել են լուրը: Թումասյանը հիշեցրել է իշխանական «Իմեդի» հեռուստաընկերության «մածունիի» սյուժետը, որում «տոլման ադրբեջանական է, Ղարաբաղը նույնպես ադրբեջանական է». որտեղ այսպիսի թեմաները ճիշտ նարատիվով չեն տարվում» հատված կա։ Թումասյանը հավելել է, որ «Մթավարի արխի»-ի առումով եւս նման շատ դեպքեր են եղել:
Ըստ «Վրաստանի հայ համայնք» հարթակի ղեկավարի՝ նման կարգի ապատեղեկատվությունն այնքան շատ է եւ շարունակական, որ հնարավոր չէ սոսկ «պատահականություն» որակել: Չի բացառել նաեւ նման դեպքերի միտումնավոր արվելու վարկածը։ Թումասյանը կարեւորել է օրենքի մեխանիզմներով ապատեղեկատվության տարածումը զսպելու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ապատեղեկատվության տարածման տարբեր պատճառներ կարող են լինել: Գեորգի Թումասյանը «Սոկար»-ի օրինակով ահազանգել է վրաստանյան մամուլի վրա ազդելու, դրանով հայ-վրացական հարաբերություններում լարվածություն բորբոքելու, Վրաստանում հայատյացությունը զարգացնելու Ադրբեջանի փորձերի մասին։