Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել հնարավորինս շուտ վերականգնելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը:
Համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շաֆերը (ԱՄՆ) հորդորել են արդարացնել «կայուն, խաղաղ եւ բարեկեցիկ ապագայի հանդեպ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների սպասելիքները»:
Համանախագահները գոհունակությամբ նշել են կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման փաստը: Նրանք շեշտել են, որ ուշիուշով հետեւում են նախորդ տարվա նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են կողմերի քայլերը, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային եւ հաղորդակցական ուղիների ապաշրջափակման շուրջ կառուցողական քննարկումները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկնել են ուղղակի երկկողմ խորհրդատվություններ ձեռնարկելու իրենց առաջարկը: Ըստ այդմ կողմերը պետք է վերանայեն եւ համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգն՝ առանց նախապայմանների:
Համանախագահները պատրաստակամությունն են հայտնել` միջնորդական առաքելությունների համար վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ:
Նրանք կողմերին հիշեցրել են իրենց երթուղիների վերաբերյալ անարգել մուտքի եւ շարժման առավելագույն ճկունություն ապահովելու պահանջի մասին` իրենց ունեցած մանդատին եւ նախորդ պրակտիկային համապատասխան:
Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն, ողջունելով հրադադարը, միաժամանակ խոր ափսոսանք էր հայտնել վիրավորվածների եւ զոհվածների կապակցությամբ:
Անն Լինդեն ընդգծել էր, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ողջունում է երկարաժամկետ կայուն լուծում գտնելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ իր անձնական ներկայացուցչի ջանքերը: