Իլհամ Ալիեւը հայատյացությունը եւ պատերազմական հռետորաբանությունը պետական քաղաքականության մակարդակի է բարձրացրել իշխանությունը հորից ժառանգելուց՝ 2003 թվականից ի վեր: 2012-ին նա հերոսացրեց Ռամիլ Սաֆարովին: Օրերս Բաքվում բացված ռազմավարի «պուրակը» հայատյացության հրեշավոր դրսեւորումներից է:
Հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախը, առաջին հերթին՝ ռազմաքաղաքական ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարտվել են պատերազմում: Ալիեւի թիրախում առաջին հերթին Փաշինյանն է, որից վրեժ է լուծում 2020-ի հուլիսին Տավուշում կրած փոքր պարտության եւ իր հանդեպ Հայաստանի վարչապետի ստորացման փորձերի համար:
Իր քայլերով Ալիեւը, սակայն, հետեւողականորեն վիրավորում է հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը: Հայաստանը պարտվել է ռազմի դաշտում, սակայն չի կարող հանդուրժել հավաքական ազգային արժանապատվության նսեմացման փորձերը, որ 2020-ի նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթի պարտադրումից հետո անում է Ադրբեջանի նախագահը:
Ամեն գործողություն, հատկապես երբ այն թիրախավորում է հավաքական ազգային արժանապատվությունը, առաջ է բերում հակազդեցություն եւ վրիժառություն: Մեր պատմության վերջին 100 տարիները լի են նման դրվագներով:
Հայկական վրիժառությունը՝ «Նեմեսիսը», Թուրքիայի եւ Ադրբեջանի իրականացրած ոճրագործությունների պատասխանն էր: Հայ ժողովուրդը չներեց 1918-ի Բաքվի հայկական ջարդերի կազմակերպիչներին ու Հայոց ցեղասպանությունը ծրագրողներին եւ իրականացնողներին:
1919-ի հոկտեմբերին Թիֆլիսի Երեւանյան (այսօր` Թավիսուփլեբա կամ Ազատության) հրապարակում 20-ամյա Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի ռազմական նախարար Ղասիմբեկովին: Ամիսներ անց՝ 1920-ի հունիսին, Երկանյանը Թիֆլիսի կենտրոնում՝ Գոլովինսկայա փողոցի (այսօր՝ Ռուսթավելի պողոտա) վրա, իրականացրեց վրիժառուական մեկ այլ գործողություն՝ սպանելով Ադրբեջանի առաջին վարչապետ եւ արտգործնախարար Ֆաթալի Խան Խոյսկուն: Գործողության ընթացքում սպանվեց նաեւ Ադրբեջանի արդարադատության նախկին նախարար Խալիլ բեկ Խասմամեդովը:
1921-ի հուլիսին Միսակ Թոռլաքյանը Պոլսի կենտրոնում՝ «Վերա» նշանավոր հյուրանոցի մոտ, կրակոցներով սպանեց Ադրբեջանի նախկին ներքգործնախարար Բեհբութ խան Ջիվանշիրին:
Խան Խոյսկուն եւ Ջիվանշիրին հայ ժողովուրդը մեղադրում էր 1918 թվականի սեպտեմբերին Բաքվի ավելի քան 10 հազար հայ բնակչության կոտորածը կազմակերպելու մեջ:
Չներվեցին նաեւ Հայոց ցեղասպանությունը ծրագրավորողներն ու իրականացնողները:
1921-ի մարտի 15-ը հայ ժողովրդի դահիճներից Թալեաթ փաշայի կյանքի վերջին օրն էր: Գրող Շահան Նաթալին Սողոմոն Թեհլիրյանին բացատրել է, թե ինչ պետք է անի 25-ամյա հայ վրիժառուն Բեռլինում Թալեաթին սպանելուց հետո. «Թիվ մեկ ազգասպանի գանգը կպայթեցնես եւ չփորձես փախչել. կկանգնես տեղում` ոտքդ սատակի վրա, ու կհանձնվես ոստիկաններին, որոնք կգան ու կձերբակալեն»:
Դատավարության ընթացքում Թեհլիրյանը պիտի ասեր. «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ: Ինքս ինձ հանցավոր չեմ համարում, որովհետեւ խիղճս հանգիստ է»:
Հայ վրիժառուներից Արշավիր Շիրակյանը Հռոմում 1921-ի դեկտեմբերին վերջ դրեց Օսմանյան կայսրության նախկին վարչապետ Սայիդ Հալիմ փաշայի կյանքին: 1922-ի ապրիլին Բեռլինում Շիրակյանն ու Արամ Երկանյանը տապալեցին Հայոց ցեղասպանության կազմակերպման գլխավոր պատասխանատուներից Բեհաեդդին Շաքիրին ու Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիին:
Ջեմալ փաշան սպանվեց 1922-ի հուլիսին Թիֆլիսի կենտրոնական փողոցներից մեկում Ստեփան Ծաղիկյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի եւ Արտաշես Գեւորգյանի կողմից:
Էնվեր փաշան սպանվեց Տաջիկստանի լեռներում 1922-ի օգոստոսին Կարմիր բանակի գնդապետ Հակոբ Մելքումովի ջոկատի իրականացրած գործողության հետևանքով:
Հայկական վրիժառության նոր էջը բացվեց 1973-ին, երբ 78-ամյա Գուրգեն Յանիկյանը Սանտա Բարբարա քաղաքի հյուրանոցներից մեկում հրազենի կրակոցներով սպանեց Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին եւ նրա օգնականին` Մեհմեդ Բայդարին, ու հյուպատոս Բահադըր Դեմիրին` իր իսկ բառերով՝ սկիզբը դնելով «հայ անհատի պատերազմին թուրքի դեմ»:
1973-ից մինչեւ 1990 թվականը ԱՍԱԼԱ-ն՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, ու «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» կառույցը իրականացրին վրիժառուական բազմաթիվ գործողություններ Թուրքիայի տարածքում եւ աշխարհի տարբեր վայրերում՝ թիրախավորելով հիմնականում թուրք դեսպանների:
Նպատակը մեկն էր՝ վերջ տալ Հայոց ցեղասպանության եւ հայրենազրկման նկատմամբ անտարբերությանը:
1991-1994 թվականների հաղթանակը Արցախյան առաջին պատերազմում հայ ժողովրդին հանեց պարտվածի ու ցեղասպանության ենթարկվածի բարդույթից: 2020-ի 44-օրյա աղետալի պատերազմը, սակայն, մեզ կրկին պարտվածի հոգեվիճակի մեջ դրեց: Մենք պատվազուրկ ենք եղել, մեր մեջքը ջարդվել է, իսկ հաղթանակով արբեցած Ալիեւը ամեն օր վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։