44-օրյա պատերազմի մասին ով ինչ ասես չի խոսում։ Ոչ ոք, որքան դիտարկվում է, ուշադրություն չի դարձնում, թե ինչու Ադրբեջանի հարձակումը գրեթե անմիջապես որակվեց իբրեւ ցեղասպանության հերթական փորձ։ (Երեւանից եւ Ստեփանակերտից ասվածը հաստատող հայտարարություններ դժվար չէ համացանցում փնտրել-գտնել):
Հայկական բանակի, Արցախի անկոտրում դիմադրողականության մասին տասնամյակների քարոզչության համապատկերում այդ «մանտրան» ոչ միայն արտառոց, այլեւ իրավիճակին բացարձակապես համարժեք չէր։ Ի՞նչ ցեղասպանության մասին է խոսքը, երբ դու ունես պետություն (Հայաստան-Արցախ), կանոնավոր բանակ, սահմանապահ զորքեր, ոստիկանություն, Ազգային անվտանգություն՝ իրենց հատուկ նշանակության ուժերով, ԱԻՆ եւ ռազմաբժշկական համակարգ։
Այս հարցադրումը, գուցե, չարվեր, եթե պատերազմին հաջորդած երկուսուկես տարում «մանտրան» տեղը զիջած լիներ իրավա-քաղաքական լուրջ Հայեցակարգի։ Մինչդեռ այն միայն «ծաղկել է»՝ վերածվելով համազգային խոսույթի։ Եվ Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանը Ծիծեռնակաբերդում ասում է, թե Արցախում կատարվողն «առայժմ ցեղասպանություն չէ»։
Ձեւակերպման չարագուշակությունը լեզվի «թռի՞չք» է, «սխալ թարգմանության արդյո՞ւնք»։ Կարելի է սպասել, որ ամերիկյան դեսպանատունը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է արցախցի խորհրդարանականների մասին ասում, մի տողով կարձանագրի, որ տիկնոջը «ճիշտ չենք հասկացել»։ Իսկ ի՞նչ ասես, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն է «անհիմն» որակում Արցախում էթնիկ զտումների նպատակադրվածությունը։
Ի՞նչ ասես, երբ Արցախի նախագահի խորհրդարանականը շատ «էպատաժային» հայտարարություն է անում, թե «մենք հայրենազուրկ կդառնանք, բայց Ադրբեջանի մաս չենք դառնա», եւ տառացիորեն հաջորդ օրը Բաքուն Հակարիի կամրջին սկսում է անցակետի շինաշխատանքները։ Ընդ որում, ինչպես Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն է պարզաբանում, այդ մասին իրազեկված էր Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը։ Մենք շատ հաճախ ենք ասում․ «Եթե դու քեզ չես պաշտպանում, ուրիշից ի՞նչ ես ուզում»։ Թույլ եմ տալիս մի փոքր շրջասել․ «Եթե դու քո տանը չես ուզում ապրել, ուրիշն ինչո՞ւ պիտի քեզ դա պարտադրի»։
Իսկ նա, ով «հայրենազրկություն» երեւույթին այդքան թեթեւ է նայում, հարեւանին երբեւէ հարցրել է, թե մարդն ինչ եւ ինչպես է ուզում։ «Դիվային» հարցը չէի հնչեցնի, եթե այս տողերը գրելու պահին քարին զարնվող մուրճի ձայն չլսեի։ Պատուհանիս տակ կողքի շենքի հարեւանը․․․ 44-օրյա պատերազմում զոհված որդու հիշատակին աղբյուր է կառուցում։ Այսօր՝ 2023 թվականի ապրիլի 24-ին։ Նա համացանցից չի՞ օգտվում, հեռուստացույց չի՞ դիտում, ցեղասպանության մասին լսած չկա՞։ Ամեն ինչից էլ տեղյակ է։ Որդին փրկվել է, մոտ մեկ ամիս մնացել անտառներում։ Սպանվել է թշնամու հետախուզա-պարեկային խմբի կողմից։
Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իշխանությունը մեկ գերխնդիր պիտի ունենար՝ ամեն ինչ անել, որ զոհվածների որդիները չարժանանան հայրերի ճակատագրին։ Չեղավ, որովհետեւ լրագրողներով-ստեղծագործող մտավորականությամբ, ամեն ինչով եւ բոլորով, երբ զոհվածի մանավանդ տղա զավակներին էինք մոտենում, միայն հոր վրեժն առնելու մասին էինք գրեթե պարտադրում խոսել։ Որեւէ մեկն իրեն հաշիվ տվե՞լ է, թե առաջին եւ քառօրյա պատերազմում զոհված քանիսի շիրիմն է այսօր մնացել թշնամական վերահսկողության տարածքներում։ Հադրութի եկեղեցին պղծվել է՝ մեծ ցավ է, բայց անտանելի է պատկերացնել, թե վանդալներն ինչ ավերածություններ են արել զոհվածների գերեզմաններին։
Իսկ հարեւանս որդու հիշատակին աղբյուր է կառուցում։ Երեկ բակում վերամբարձ կռունկը մե՜ծ զգուշավորությամբ իջեցնում էր «դեկորները»։ Այսօր ամեն ինչ տեղում է, սալաքարերն են հարմարեցնում։ Մուրճի ձայնը լսում եմ։ Չեմ ուզում խախտել մարդու Ուխտը, լուսանկարել նրան՝ վարպետի հետ հավասար աշխատելիս։ Բայց նրա շենքի հակառակ կողմում՝ Մաշտոցի պողոտայի վրա, հարյուրավորներ հերթի են կանգնած։ Ապրիլի 24-ին, արձանագրենք, Ստեփանակերտում մեկ կիլոգրամ կաղամբն արժե 700, մի հատիկ լիմոնը՝ 800 դրամ (եթե գտնվի)։ Սա շրջափակված Արցախի մայրաքաղաքն է, որտեղ երեկ երեկոյան ջահերթ էր։ Ինձ համար թշնամական դրոշ վառողը հարեւանս է։
Նա երդվում է որդու հիշատակի առաջ։ Հայրենիքը ցնորական չէ։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։