ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Իսլանդիայի արտգործնախարար Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հայտարարել է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը պետք է ապահովվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան։
Իսլանդիայի արտգործնախարարը հավելել է, որ 2001-ին անդամագրվելով կազմակերպությանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են գտնել հակամարտության խաղաղ լուծումը։ Ըստ ԵԽ պաշտոնյայի՝ երկու երկրներն էլ պետք է գործեն իրենց պարտավորություններին համապատասխան եւ զերծ մնան սադրանքներից: Հետագա լարվածությունից խուսափելու հարցում նա երկխոսությունն առանցքային դեր է համարում։
Անդրադառնալով մայիսին Ռեյկյավիկում սպասվող գագաթնաժողովին՝ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահն ընդգծել է, որ օրակարգում է լինելու ագրեսիայի, հանցագործությունների քննության հատուկ դատարանի ստեղծման հարցը։ Նա նշել է, որ դեռ հստակություն չկա՝ դատարանն ինչ տեսք կունենա, ընդսմին այդ հարցում առաջնային է համարվելու ագրեսորներին պատասխանատվության ենթարկելու հարցը: