Ապրիլի 26-ին Ադրբեջանը հանդիսավոր արարողությամբ դրոշ է բարձրացրել Հակարիի կամրջի վրա: «Սահմանային անցակետը պատրաստ է»,- սահմանապահ զորքերի գնդապետը զեկուցում է իր գլխավոր գերագույն հրամանատարին՝ Իլհամ Ալիեւին:
Այժմ դեպի Արցախ տանող ճանապարհին՝ Հակարի կամրջի վրա, ադրբեջանական այս անցակետն է, որին Շուշի-Քարինտակ խաչմերուկում հաջորդում է ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստների» անցակետը:
Բաքուն համալրում է ուխտադրուժ քայլերի երկար ցանկը․ Պիեռ Ուզուլյաս
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ դնելը միջազգային իրավունքի խախտում է որակել նաեւ Ֆրանսիայի Սենատի անդամ Պիեռ Ուզուլյասը։ «Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետ դնելով՝ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը։ Այս քայլը գալիս է համալրելու ուխտադրուժ քայլերի երկար ցանկը, որոնք Բաքուն արդեն թույլ է տվել։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ աջակցի Հայաստանին»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Ֆրանսիայի Սենատի անդամը։
Ավելի վաղ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից անցակետ դնելու փաստին արձագանքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Իսլանդիայի արտգործնախարար Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը, Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն եւ այլք։