Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը բխում է երկու երկրի շահերից։ Ըստ նրա՝ այդ գործընթացը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա էլ դրական ազդեցություն կունենա, ուստի Թուրքիան շարունակելու է աջակցել խաղաղ բանակցություններին:
Քալընը «Թուրքիայի արտաքին քաղաքականության 100-ամյակը» խորագրով կոնֆերանսի ժամանակ հավելել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսել, որ տարածաշրջանային բոլոր երկրները՝ Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, ինչպես նաեւ Իրանը, համատեղ ուժերով խաղաղության եւ կայունության մթնոլորտ ձեւավորեն։
Էրդողանի խոսնակը նշել է, որ Ֆրանսիան եւ այլ դերակատարներ բարդացնում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, եւ նրանց կոչ է արել առավել կառուցողական դիրք գրավելու: Միաժամանակ Քալընը եւս մեկ անգամ հաստատել է, որ 44-օրյա պատերազմից ի վեր Անկարան Բաքվի կողքին է եղել եւ միշտ կլինի: