Ըստ ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթելի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային տրամադրել են գրեթե բոլոր խոստացված մարտական մեքենաները։ «Ուկրաինային խոստացված մարտական մեքենաների ավելի քան 98%-ը մատակարարվել է»,- ասել է Ստոլտենբերգը։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային մատակարարել են, ընդհանուր առմամբ, 1550 զրահամեքենա, 230 տանկ եւ այլ սարքավորումներ, այդ թվում՝ մեծ քանակությամբ զինամթերք: «Ընդհանուր առմամբ, վերապատրաստել ու հանդերձավորել ենք 9 նոր ուկրաինական զրահատանկային բրիգադ: Սա կուժեղացնի Ուկրաինայի դիրքերը, որպեսզի նրանք շարունակեն հետ վերցնել գրավված տարածքները»,- ասել է Ստոլտենբերգը՝ շեշտելով, որ հարկավոր է ավելի մեծ եւ ավելի լավ ներդրումներ անել պաշտպանության ոլորտում:
Ռուսաստանն Ուկրաինային զենք մատակարարելու համար ավելի վաղ նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը ոչ միայն զենքի մատակարարումներով, այլեւ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ այլ երկրների տարածքում կադրերի պատրաստմամբ։