Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանին բանակցությունների սեղանի շուրջ է վերադարձրել Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Ըստ Բայրամովի՝ իրենք հավատում են խաղաղ գործընթացին։ «Երախտագիտություն ենք հայտնում ԱՄՆ-ին։ Միացյալ Նահանգների ջանքերի շնորհիվ Հայաստանը վերադարձավ բանակցային գործընթացին։ Մենք մասնակցելու ենք դրան։ Կանենք հնարավոր ամեն ինչ խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,- ընդգծել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Կատրին Կոլոննան Բաքվում է տարածաշրջանային այցի շրջանակում, որը կտեւի մինչեւ ապրիլի 29-ը: Ադրբեջանի մայրաքաղաքից նա կուղեւորվի Երեւան։ Այցի վերջնակետը կլինի Թբիլիսին։
2021-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022-ի մարտին Բաքուն Երեւանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել եւ ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջեւ տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։