Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկություն կա, որ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների եւ ադրբեջանական իշխանությունների միջեւ։ Ըստ նրա՝ կողմերը պետք է խոսեն բնակչության իրավունքների եւ երաշխիքների բովանդակության շուրջ։
«Սա ենթադրում է, որ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն նման բանակցությունների համար, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման հարցի վերաբերյալ»,– հայտարարել է Կատրին Կոլոննան։ Ֆրանսիայի արտգործնախարարը հավելել է, որ իր երկիրը կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորելու, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը եւ մշակույթը:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելուն` նա հայտարարել է, որ դա անընդունելի է։ «Այս իրավիճակն անընդունելի է, քանզի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական եւ մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով»,-ասել է ֆրանսիացի նախարարը։ Նա հիշեցրել է, որ մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը վճիռ է կայացրել՝ պահանջելով Բաքվից իր իրավասության շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու համար: «Որոշումը պարտադիր է բոլորի համար եւ պետք է հարգվի։ Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն այս առումով խիստ մտահոգիչ է, ինչպես նշել են նաեւ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն»,– ասել է Կատրին Կոլոննան։
Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է նաեւ` պաշտոնական Փարիզը ձգտում է, որ բոլոր վեճերը լուծվեն բացառապես բանակցային ճանապարհով։