Fox News-ի անցկացրած հարցման արդյունքներով՝ ԱՄՆ-ում, որտեղ զենքի հարցը խիստ կարեւոր է, եւ որտեղ այս տարի մի շարք զանգվածային հրաձգությունների զոհ են դարձել տասնյակ մարդիկ, կեսից ավելին կողմ է արտահայտվել զենքի շրջանառության արգելքին: Ըստ այդմ, ամերիկացիներից շատերը նախընտրում են կենտրոնանալ զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության, քան քաղաքացիներին զինելու վրա՝ զենքի կիրառմամբ բռնության դեպքերը նվազեցնելու համար:
Ամերիկացիների 87%-ը կողմ է արտահայտվել այն պնդմանը, որ անհրաժեշտ է ստուգել զենք գնողների նախկին քրեական անցյալի մասին տեղեկությունները: 81%-ը համարում է, որ անհրաժեշտ է բարելավել զենքի մասին գործող օրենքների կիրառման մեխանիզմները: Հարցվածների 81%-ը համաձայնել է այն պնդմանը, որ զենք գնելու համար նվազագույն տարիքը պետք է բարձրացնել 21-ի, իսկ 80%-ը համոզված է, որ անհրաժեշտ է ստուգել զենքի գնորդների հոգեվիճակը: Հարցման ենթարկվածների 61%-ն էլ կողմ է արտահայտվել հարձակողական զենքերի եւ կիսաավտոմատ զենքերի արգելքին: Ամերիկացիների 12%-ը համարում է, որ երկրի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրը զենքի շրջանառության վերահսկողությունը եւ զենքի կիրառմամբ բռնություններն են: Ընտրողներին այս հարցից ավելի ավելի շատ մտահոգում են միայն տնտեսական խնդիրները (24% տնտեսություն, 16% գնաճ եւ կեցության ծախսեր):
Fox News-ը հիշեցրել է, որ ապրիլի 25-ին Վաշինգտոնը դարձավ ԱՄՆ 10-րդ նահանգը, որտեղ հարձակողական զենքի վաճառքն օրենքով արգելվեց: Միեւնույն ժամանակ ամերիկացիների 45%-ը խրախուսում է զենք պահելը՝ հարձակվողներից պաշտպանվելու համար, իսկ 52%-ը դեմ է դրան: ԱՄՆ-ում դեմոկրատներն ու հանրապետականները զենքի շրջանառությանն առնչվող հատուկ միջոցների շուրջ հիմնականում համակարծիք են: Ընդսմին, հարձակողական զենքի արգելքի եւ քաղաքացիներին զինելու հարցում խոր տարաձայնություններ կան: Մասնավորապես՝ դեմոկրատների 84%-ը կողմ է հարձակողական զենքի արգելքին, մինչդեռ այդ կարծիքին է հանրապետականների միայն 36%-ը: Բացի դրանից՝ դեմոկրատների միայն 27%-ն է կողմ, որ քաղաքացիները զենք ձեռք բերեն, մինչդեռ դրան կողմ են երկու անգամ ավելի շատ հանրապետականներ (61%):