ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Լաչինի միջանցքում սահմանակետեր տեղադրելու վերաբերյալ ադրբեջանական կողմից հրապարակային պահանջներ կամ առաջարկներ հնչել են, ՀՀ-ն մտադիր չէ ներգրավվելու այդ առաջարկների քննարկման մեջ: Նա հավելել է, որ Լաչինի վերաբերյալ բանակցություն տեղի է ունեցել, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ այդ պայմանավորվածությունը եւ կարգավորումը հանրահայտ են: Այդ պայմանավորվածությունը, ըստ Միրզոյանի, արտացոլված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: ՀՀ արտգործնախարարը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը երբեք չի պատրաստվել եւ չի պատրաստվում ներգրավվելու:
«Ավելին՝ կարծում ենք, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, եւ դա վերաբերում է ոչ միայն Լաչինի միջանցքի պայմանավորվածություններին, պետք է անխափան կերպով եւ հետեւողականորեն կարգավորվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համընդհանուր կարգավորման գործընթացում ավելի լուրջ ձեռքբերումներ ունենալ»,- նշել է Արարատ Միրզոյանը: Նա շեշտել է, որ այն, ինչ Ադրբեջանն արել է եւ շարունակում է անել Լաչինում, բացարձակապես ապօրինի է, եւ սա հավաստվում է Արդարադատության միջազգային դատարանի ընդունած միջանկյալ վճռով եւ պետք է շուտափույթ կերպով վերացվի:
«Մնացած ամեն ինչ, որ վերաբերում է եւ կարող է վերաբերել ԼՂ ժողովրդի իրավունքներին եւ անվտանգությանը, կարող է քննարկվել, վերաքննարկվել, կարգավորվել Ստեփանակերտ-Բաքու միջազգայնորեն տեսանելի, թափանցիկ մեխանիզմում, ձեւաչափում»,- եզրափակել է Միրզոյանը: