Արեւմտյան Ամերիկայի գրողների գիլդիայի (WGAW)՝ Ամերիկայի սցենարիստների գիլդիայի (Screenwriters Guild of America) եւ հոլիվուդյան ամենահայտնի ստուդիաների՝ վարձատրության մակարդակի շուրջ համաձայնության չգալու պատճառով Հոլիվուդի կինոյի եւ հեռուստատեսության հազարավոր սցենարիստներ գործադուլ են հայտարարել։ Ըստ Գիլդիայի վիճակագրության՝ հեռուստասերիալների հեղինակների կեսը ներկայում նվազագույն աշխատավարձով է աշխատում։ Գիլդիայի անդամները գործադուլ անելու որոշումն ընդունել են միաձայն: Գործադուլն ուժի մեջ է մտել մայիսի 2-ին՝ տեղական ժամանակով գիշերը 12:01-ից:
Թեեւ գիլդիան վերջին մեկուկես ամսվա ընթացքում բանակցություններ էր վարում Netflix-ի, Warner Bros. Discovery-ի, Apple-ի, NBC Universal-ի, Paramount plus-ի, Amazon-ի, Disney-ի եւ Sony-ի հետ, այդուհանդերձ ստուդիաների՝ սցենարիստների ճգնաժամի հաղթահարմանը չնպաստող անբավարար պատասխանների պատճառով կողմերին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ։
Ըստ Euronews-ի՝ բանակցություններում քննարկման առարկա են դարձել արհեստական ինտելեկտին առնչվող խնդիրները: Արհմիությունը պահանջում է, որ սցենարիստների նախորդ աշխատանքի հիման վրա նոր սցենարներ ստեղծելիս ստուդիաները հրաժարվեն արհեստական ինտելեկտի կիրառումից։ Սցենարիստները դեմ են նաեւ արհեստական բանականության ստեղծած սցենարների նախագծերը վերաշարադրելու՝ իրենց ուղղված պահանջին։
Նման մասշտաբի գործադուլ նախորդ անգամ տեղի է ունեցել 2008-ին։ Սցենարիստների՝ 100 օր տեւած գործադուլն այն ժամանակ Կալիֆոռնիայի տնտեսությանն ավելի քան 2 միլիարդ դոլարի վնաս է հասցրել: