ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը միայն ապրիլին 15 հազար զոհ են ունեցել։ Ըստ նրա` ռուսական զինված ուժերը ակտիվ գործում են շփման գծի ամբողջ երկայնքով: Շոյգուն նշել է, որ չնայած արեւմտյան երկրների աննախադեպ ռազմական օգնությանը` ուկրաինական կողմը զգալի կորուստներ ունի: Նախարարն ընդգծել է, որ պաշտպանական արդյունաբերությունն ամբողջությամբ ապահովում է բանակի եւ նավատորմի կարիքները:
191 հազար 940 ռուսաստանցի զինվորական
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին ամփոփել է հակառակորդի կորուստները մայիսի 3-ի դրությամբ։ Ուկրաինայի զինուժը պատերազմի ամբողջ ընթացքում ոչնչացրել է ՌԴ ԶՈՒ մարտական մեքենաների եւ ավտոցիստեռների 5865 միավոր, հատուկ ռազմական տեխնիկայի 363 միավոր, 2946 միավոր հրետանային համակարգ, 7199 միավոր զրահամեքենա, 300 միավոր ՀՕՊ համակարգ, օպերատիվ-մարտավարական մակարդակի 2505 միավոր ԱԹՍ, 3702 տանկ, 544 միավոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 18 ռազմանավ (եւ մոտորանավ), 294 ռազմական ուղղաթիռ, 308 ռազմական ինքնաթիռ, 947 միավոր թեւավոր հրթիռ եւ շուրջ 191 հազար 940 ռուսաստանցի զինվորական։
ՌԴ զինված ուժերին չի հաջողվել գրավել իրական ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ
Ըստ The Washington Post պարբերականի՝ Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայում, մասնավորապես՝ Բախմուտի շրջանում, ձախողվել է, քանի որ ամերիկյան հետախուզության գնահատականներով՝ միայն վերջին հինգ ամսում ռուսական կողմն ունեցել է 20 հազար զոհ, որոնց շարքում հիմնականում հավաքագրված դատապարտյալներ են։ Եվս 80 հազար ռուսաստանցի զինվոր վիրավորվել է: Քիրբիի տվյալներով՝ զոհերի գրեթե կեսը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունից են: Ըստ նրա՝ Ռուսաստանի զինված ուժերին չի հաջողվել գրավել իրական ռազմավարական եւ կարեւոր նշանակություն ունեցող տարածքներ։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը հրաժարվել է ուկրաինական կողմի կորուստներին անդրադառնալուց՝ նշելով, թե այս պատերազմում Ուկրաինան զոհն է, իսկ Ռուսաստանը՝ ագրեսորը:
Հակահարձակումը կարող է վերածվել «արյունալի սպանդի»․ Washington Post
The Washington Post պարբերականը նշել է, որ ըստ փետրվարին ստացված հետախուզական տվյալների արտահոսքի՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ հարձակման պահից ի վեր մարտերում զոհվել է ավելի քան 42,5 հազար ռուսաստանցի զինվորական, իսկ ուկրաինական կողմից՝ 17 հազար մարտիկ։ ԱՄՆ արտաքին քաղաքականության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռոբ Լին, որը ուշիուշով հետեւում է հակամարտությանը, նշել է, որ ռուսական զորքերը Ուգլեդարի, Կրեմենի, Մարյինկայի եւ այլ ուղղություններով գրոհի ժամանակ զգալի կորուստներ են կրել։ Սպիտակ տանը կանխատեսում են, որ Ուկրաինայի զինված ուժերի մոտալուտ հակահարձակումը կարող է վերածվել «արյունալի սպանդի»։ «Երբ դուք գրոհում եք, իբրեւ կանոն, ավելի շատ կորուստներ եք ունենում»,- ընդգծել է Լին։ Դա նկատի ունենալով՝ նա ենթադրում է, որ ուկրաինական ուժերի հակագրոհը կարող է բախվել նման խոչընդոտի եւ ավելացնել զոհերի թիվը ուկրաինացի զինվորականների շրջանում։