ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, հետեւաբար Մոսկվան չի կարող մեկնաբանություններ անել այդ գործընթացի վերաբերյալ: Դիվանագետը նշել է, որ երբ բանակցությունների մասնակիցները համապատասխան հայտարարություններով հանդես գան, յուրաքանչյուր կողմն արտահայտվի, ապա հնարավոր կլինի կարծիք ձեւավորել եւ մեկնաբանություն անել:
Զախարովան եւս մեկ անգամ ընդգծել է 2020-2022 թվականների ընթացքում ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի իրագործման կարեւորությունը: ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ ավելի վաղ Երեւանն ու Բաքուն Ռուսաստանի տարածքում իրենց արտգործնախարարների հանդիպումն անցկացնելու պատրաստակամություն են հայտնել։ «Ժամկետների մասին կհայտնենք ավելի ուշ»,- եզրափակել է Զախարովան:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակի կարգավորման հարցում ցանկացած օգնություն կարելի է ողջունել, բայց միայն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ համաձայնությունների հիման վրա, որոնց, ըստ Պեսկովի, այլընտրանք չկա: