Ինչպես տեղեկացրել ենք, մարտի 21-ին նախատեսված էր Թուրքիայի Սահմանադրական դատարան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացրած դատական հայցի քննությունը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, ինչպես հայտնի է, Թուրքիայից պահանջում է Սիսի պատմական կաթողիկոսարանի, ինչպես նաեւ Սիսի Ս. Սոֆիա մայր տաճարի սեփականության իրավունքի վերադարձը:
Համաճարակային հարցերով պայմանավորված՝ դատական ունկնդրության առաջին նիստը նախատեսված օրվա փոխարեն կայացել է մարտի 30-ին: Այսպիսով, ինչպես հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը, դատավարությունը սկսված է:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության շահերը պաշտպանում է Թուրքիայում ապրող հայտնի իրավաբան, սեփականության հարցերով մասնագիտացած փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն:
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը հաղորդում է, որ դատավարությանը ներգրավված է նաեւ պոլսահայ համայնքից իրավաբան Սեդրակ Դավութհանը, որ, ինչպես նշում է օրաթերթը, իր խորհուրդներով փորձում է նպաստել խնդրի հարթ ընթացքին:
Հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 6-ին: Առաջին դատական ունկնդրությունն ընթացել է Ադանայի Քոզան (Սիս) գավառի նախադատ ատյանում: Հենց Քոզանում է այն հողակտորը, որի սեփականության իրավունքը պահանջում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: Թուրքական կողմը բոլոր փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո այն հանձնելու է հետազոտության եւ հատուկ այս հարցով մասնագետ է ընտրելու:
Թուրքական պետության դեմ նման դատ բացելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն առաջին անգամ հայտարարել է 2014 թվականի սեպտեմբերին Հայաստանում՝ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովին՝ նշելով, որ Հայ դատի հարյուրամյա պահանջատիրությունը պետք է տեղափոխվի իրավական դաշտ: Դատական հայցը Թուրքիայի առաջին ատյանի դատարան է ներկայացվել 2015 թվականի ապրիլի 27-ին:
Ըստ փաստաբանների՝ դատական այս հայցը ցեղասպանությունից հետո Թուրքիայից եկեղեցապատկան կալված պահանջելու առաջին իրավական քայլն է:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։