Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) եւ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» (CRRC) հրապարակած 2023 թվականի մարտի 17-23-ը անցկացված հեռախոսային հարցման արդյունքներով պարզվել է, որ Վրաստանի գրեթե յուրաքանչյուր վեցերորդ քաղաքացի արտերկրում իրեն պարբերաբար ֆինանսական աջակցություն ցուցաբերող ընտանիքի անդամ ունի: Վրաստանի բնակչության 15%-ը նշել է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում ակնկալում է արտագնա աշխատանքի մեկնել։ Հետազոտության հեղինակները նշել են, որ Վրաստանը լքելու ցանկությունը համեմատաբար մեծ է տարեց քաղաքացիների եւ տղամարդկանց շրջանում։ Հարցին՝ արդյոք նրանք ունեն ներկայում արտերկրում աշխատող եւ պարբերաբար գումար ուղարկող ընտանիքի անդամ, 2023-ի մարտին հարցվածների 16%-ը պատասխանել է «այո»: Մինչդեռ ըստ 2019-ի հուլիսին անցկացված հետազոտության՝ այս տվյալները եղել են 12%։
Վրաստանի տնտեսական վիճակը վատ է գնահատել յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին: Ըստ հարցման արդյունքների՝ գնաճը, աշխատատեղերն ու աղքատությունը շարունակում են մնալ Վրաստանում ամենամեծ մարտահրավերները։ Հարցվածների 48%-ը Վրաստանի տնտեսության ներկա վիճակը գնահատել է վատ, 42%-ը՝ միջին։ Վրաստանի տնտեսության ներկա վիճակը լավ է գնահատել հարցվածների միայն 9%-ը։ Հետազոտության հեղինակները նշել են, որ քաղաքացիների կեսը կասկածում է, որ կառավարությունն ի վիճակի կլինի լուծելու տնտեսական խնդիրները։ 2023-ի մարտին հարցվածների 50%-ն ասել է՝ վստահ չէ, որ Վրաստանի կառավարությունն ի վիճակի է հաղթահարելու տնտեսական խնդիրները:
Հետազոտությունն անցկացրել են NDI-ին եւ CRRC-Վրաստանը՝ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Կառավարության արտաքին համագործակցության եւ զարգացման գրասենյակի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Հարցմանը մասնակցել է 1032 քաղաքացի: