Վերջին օրերին Արցախից կտրուկ հարցադրում են անում, իրավիճակը գնահատում այսպես․ «Մենք պետք է իմանանք՝ մայր, եղբայր եւ քույր ունե՞նք»։ Մայր ասելով նկատի ունեն Հայաստանին, ովքե՞ր են «եղբայրը» եւ «քույրը»՝ կարելի է ենթադրել։ Ավելի վաղ Ստեփանակերտը Ռուսաստանի հետ հարաբերությունները բնութագրում էր «եղբայրական», իսկ «քույր» ասելիս, երեւի, ակնարկում են Ֆրանսիային։
Արցախում ճգնաժամ է, նույնիսկ պաշտոնյաների նյարդերն են տեղի տալիս, իսկ թե ինչ եւ ինչպես են գրում սոցիալական մեդիայի արցախաբնակ օգտատերերը, հղումներ անելու կարիք չկա։ Ստեփանակերտը խնդիրը կտրուկ է դնում․ «Բոլորը բաց տեքստով պետք է ասեն իրենց դիրքորոշումը, որպեսզի մեր անելիքն իմանանք»։ Բայց չէ՞ որ վաղուց է ասված։ Իսկ քառասունչորսօրյա պատերազմից հետո ամեն ինչ արդեն փաստաթղթավորված է։ Ռուսաստանի նախագահի խոսնակն անկեղծորեն սահմանել է, որ կարգավորման միակ իրավական հիմքը նոյեմբերի 9-ի Հայտարարությունն է։
Այդպես է։ Եվ նույնիսկ վաշինգտոնյան քառօրյա «բանակցային մարաթոնը» սկզբունքորեն ոչինչ չփոխեց։ Նույն օրը, երբ ոմանք սրտատրոփ սպասում էին, որ պետքարտուղար Բլինքնեը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին «դեյթոնյանի նման համաձայնագիր կպարտադրի», Իլհամ Ալիեւը շրջագայության էր «ազատագրված տարածքներում» եւ հենց այնտեղից էլ հայտարարեց, որ մայիսի վերջին Միրզոյանը եւ Բայրամովը կհանդիպեն Մոսկվայում։ Մինչ այդ նա Շուշիում կազմակերպել էր Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության խորհրդաժողով։
Դիվանագիտության մեջ պատահականություններ չեն լինում։ Վաշինգտոնյան բանակցությունները զուգահեռելով եվրասիականության ապագայի հետ քննարկումներին՝ Ալիեւը նրբորեն դժգոհեց, որ Միացյալ Նահանգները շարունակում է «կենդանի պահել» Լեռնային Ղարաբաղի որեւէ կարգավիճակի հարցը։ Ալիեւին հաջողվե՞լ է Մոսկվայում այդ թեման «մեռցնել»։ Լաչինի միջանցքում իրավիճակի խորքային ինտրիգը դրանում է․ եթե ԼՂ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանն ընդունում է, որ Ադրբեջանը հսկիչ-անցագրային գործառույթներ է իրականացնում իր «սուվերեն տարածքում», ապա Լեռնային Ղարաբաղի ոչ միայն կարգավիճակի, այլեւ սուբյեկտության խնդիրը փակվում է։
Չգիտեմ՝ որերորդ անգամ, բայց դարձյալ պիտի հիշեմ Ստեփանակերտում անցյալ տարվա քաղաքական էյֆորիան, երբ Ազգային ժողովը կարգավիճակի հարցում ամենաբարձր նշաձողն էր սահմանում։ Դա հաշվարկված-համաձայնեցվա՞ծ էր։ Հազիվ թե։ Վաշինգտոնյան «մարաթոնից» Հայաստանի ընդդիմությունը մի եզրակացության է եկել․ «Ստեփանակերտում պետք է դիմանան, որպեսզի մենք այստեղ սրան (Նիկոլ Փաշինյանին) փոխենք»։ Ուզես թե ոչ՝ տպավորությունն այն է, որ անցյալ տարվա փետրվարին Ստեփանակերտում մեկնարկած «դիմադրությունը» ոչ այնքան արտաքին, որքան ներքաղաքական «ռեժիսուրայի» դրսեւորում էր։
Դա, ցավոք, շարունակվում է։ Այնքան եւ այնպես, որ երբ ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը խոսում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ իրավիճակը լիցքաթափելու եւ փոխվստահություն ձեւավորելու առաջնահերթությունից, նրան մեղադրում են «Նիկոլի հրահանգով Արցախի հանձնումն արագացնելու» համար։
Վաշինգտոնյան բանակցություններին զուգահեռ Արցախի նախագահը հարցազրույց է տվել «Արմենպրեսին»։ Բաքվի «Թուրան» գործակալության գնահատմամբ՝ նա «պատերազմ է հայտարարում Ադրբեջանին, պատասխանը խաղաղ չի լինի»։
Վաշինգտոնյան բանակցություններից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսում է «նոր էսկալացիայի հավանականությունից»։ Պատերազմն, իհարկե, կարող է «գորդյան հանգույցը» կտրել։ Բայց ի վնաս ո՞ւմ․․․
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։