Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջենեթ Յելենը նախազգուշացրել է, որ եթե Կոնգրեսը միջոցներ չձեռնարկի պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու ուղղությամբ, երկիրը կհայտնվի սահմանադրական ճգնաժամի առաջ: Պաշտոնյայի համոզմամբ՝ պարտքի վերին շեմը պետք է բարձրացնել մինչեւ հունիսի սկիզբը, այլապես այդ ժամանակ դաշնային կառավարությունը այլեւս գումար չի ունենա իր հաշիվները վճարելու համար:
Վաշինգտոնը պարբերաբար սահմանում է դաշնային փոխառությունների սահմանափակում: Ներկայում փոխառությունների վերին շեմը հավասար է երկրի տարեկան տնտեսական արդյունքի մոտավորապես 120%-ին։ Պարտքը հասել է այդ սահմանագծին հունվարին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին հորդորել է առանց նախապայմանների բարձրացնել պետական պարտքի վերին շեմը: Հանրապետականների վերահսկած Ներկայացուցիչների պալատն անցյալ ամիս համաձայնել է պետական պարտքի 31,4 տրիլիոն դոլարի շեմը բարձրացնել 1,5 տրիլիոն դոլարով: Միեւնույն ժամանակ Հանրապետականները պահանջում են առաջիկա տասնամյակի ընթացքում կրճատել պետական ծախսերը: Բայդենը եւ դեմոկրատները դեմ են այս պահանջին:
ԱՄՆ ֆինանսների նախարարը հավելել է, որ եթե Կոնգրեսը վերին շեմը բարձրացնելու հարցը ձախողի, ԱՄՆ-ը կկանգնի իր ձեռքով ստեղծած տնտեսական եւ ֆինանսական աղետի առաջ: «Ընդ որում չպետք է հասնենք այն կետին, երբ ստիպված լինենք մտածել՝ արդյոք նախագահը կարող է շարունակել պարտքի թողարկումը: Դա սահմանադրական ճգնաժամ կլիներ»,- ընդգծել է Յելենը՝ նկատի ունենալով գործադիր եւ օրենսդիր իշխանությունների լիազորությունների սահմանազատումն ԱՄՆ սահմանադրությամբ: