ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի կառավարման տարիներին ազգային անվտանգության հարցերով խորհրդական ու ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ամերիկյան CBS News-ին տված հարցազրույցում չի բացառել, որ մինչեւ տարեվերջ Ուկրաինան եւ Ռուսաստանը կնստեն «իրական բանակցությունների» սեղանի շուրջ: Նա համոզմունք է հայտնել, որ այդ բանակցությունները հնարավոր կդառնան Չինաստանի շնորհիվ։
Դեռ 1 տարի առաջ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հռչակվել էր Ուկրաինայի «թշնամի» եւ հայտնվել ուկրաինական «Խաղաղապահ» կայքի ցուցակում։ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտության մասին Քիսինջերի հայտարարությունների պատճառով Ուկրաինան նրան մեղադրել է ռուսական քարոզչություն տարածելու hամար, ավելին՝ մեղսակից համարել Ուկրաինայի եւ նրա քաղաքացիների դեմ Ռուսաստանի իշխանությունների հանցագործություններին։
Բրիտանական The Spectator պարբերականին տված ծավալուն հարցազրույցում ԱՄՆ նախկին պետքարտուղարը նշել էր ուկրաինական հակամարտության երեք հավանական հանգուցալուծումները, այն է. հակառակ նախկին բոլոր անհաջողություններին՝ ռուսները կհաղթեն, ռուսներին Ղրիմից դուրս մղելու փորձերը կհանգեցնեն առավել անողոք պատերազմի, ռուսները կնահանջեն մինչեւ փետրվարի 24-ից առաջ եղած սահմանները:
Տեղեկանք
Լինելով իրական քաղաքականության կողմնակից՝ Հենրի Քիսինջերը 1969-1977 թվականներին որոշիչ դերակատարում է ունեցել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունում։ Նախաձեռնել է միջազգային լարվածության լիցքաթափման քաղաքականությունը, որը հանգեցրել է ԱՄՆ-ԽՍՀՄ եւ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում լարվածության զգալի նվազմանը։