Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի նորանշանակ հրամանատար Լենցովի «բանակցությունները» որեւէ արդյունք չեն արձանագրել, բայց այդ մասին, չգիտես ինչու, հայ հանրությանը հայտնել է Արցախի պետական նախարարը։
Պաշտոնավարման առաջին օրը գեներալ-գնդապետ Լենցովը այցելել է Արցախի նախագահի նստավայր, ապա մեկնել Երեւան եւ հանդիպել պաշտպանության նախարարին։ Բաքվի մամուլն այդ առթիվ գրել էր, որ «ռուս գեներալը հասցեները շփոթել է», նա նախ պետք է «ինդուլգենցիա ստանար» Ադրբեջանից, որովհետեւ «ռուս խաղաղապահները ժամանակավորապես տեղաբաշխված են ադրբեջանական տարածքում»։
Իլհամ Ալիեւը կարո՞ղ է նույնը ասել Վլադիմիր Պուտինին, որի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագիրն այս ձեւակերպումն ունի՝ «Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ առաքելություն իրականացնելու մասին», որն իրավական ուժ է ստացել ՌԴ Դաշնային խորհրդում վավերացվելուց հետո։ Մենք չգիտենք, թե ինչ «տոնայնություն» ունի ռուս-ադրբեջանական երկխոսությունը, Բաքու-Մոսկվա կամ հակառակ ուղղությամբ քննարկումներ կա՞ն կամ գոնե նախատեսվո՞ւմ են, բայց իրականության մեջ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական անցակետ տեղադրված է։
Թե ինչու են ռուս խաղաղապահները վերահսկողությունից դուրս թողել Հակարիի կամուրջը, միայն ենթադրություններ կարելի է անել։ Փաստ է, որ Տեղ գյուղի հատվածում հայ-ադրբեջանական սահմանազատում է իրականացվել, Կոռնիձոր-Հակարիի կամուրջ հատվածը հանձնել են հայ եւ ադրբեջանցի սահմանապահներին։ Եվ նոյեմբերի 9-ի Հայտարարությամբ «ՌԴ խաղաղապահ զորախմբի հսկողության տակ գտնվող» Լաչինի միջանցքը փոխակերպվել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի։
Իրերի այս դրությամբ Բաքվում ի՞նչ պետք է աներ գեներալ Լենցովը։ Ի՞նչ սպասումներ ունեին Ստեփանակերտի հանրային-քաղաքական շրջանակները։ «Գորիս-Ստեփանակերտ ճանապարհ» ձեւակերպումն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել անցած դեկտեմբերին։ Այդ ժամանակ էլ խաղաղապահ զորախմբի հրամանատար Վոլկովը խոսել է «մինի-մաքսատուն» ստեղծելու մասին։ Տեսագրությունը, որտեղ Վոլկովը Բաքվի «էկոակտիվիստներին» այդ մասին ասում է, համացանցում մնում է հասանելի։ Անփոփոխը «հրաշքի մեր սպասումն է»։
Մայիսի 9-ին Ստեփանակերտում հանրահավաք է կազմակերպվում։ Տասնյակ հազարավոր արցախցիներ «ոչ» կասեն ադրբեջանական անցակետին։ Հանրահավաք կազմակերպվել է անցած հոկտեմբերին եւ դեկտեմբերին։ Արդյո՞ւնքը։ Ի՞նչ կտա մայիսի 9-ի «ոչը»։ Արցախի պետական նախարարը օրերս հրապարակայնացրեց, որ Սարսանգի ջրային պաշարները սպառվում են։ Գեներալ-գնդապետ Լենցովը կարո՞ղ է հասնել Հայաստանից Արցախի էլեկտրասնուցման վերականգնմանը։
Արցախի հոսանքազրկումն արդեն էքզիստենցիալ խնդիր է, եւ եթե Հայաստանից սնուցումը մոտակա օրերին չվերականգնվի, դա անխուսափելի է, կաթվածահար կանի ոչ միայն սոցիալ-տնտեսական կյանքը, այլեւ մարդկանց կամքը։ Մենք աղետից «հինգ րոպե պակաս» իրավիճակում ենք։ Եվ պարտադրված ենք որեւէ քայլ կանխածրագրելիս ելնել իրողությունից։
Խնդիրն այլեւս Արցախի կարգավիճակի շուրջ բանավեճը չէ։ Իրականությանը պետք է նայել բաց աչքերով՝ ունե՞նք Արցախ, ունենալո՞ւ ենք․․․
Գեներալ-գնդապետ Լենցովն այս հարցի հասցեատերը չէ։ Լենցովի «առասպելը» փլուզված է։ Բաքվում նրան ասել են․ «Ընկեր գեներալ-գնդապետ, Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ չկա»։ Եվ չպետք է «գլուխ կոտրել»՝ Հակարիի կամրջին անցակետ տեղադրվել է ռուս-ադրբեջանական համաձայնությա՞մբ, թե՞ Իլհամ Ալիեւի միանձնյա որոշումով։
Մեր խնդիրը ճակատագրական որոշում կայացնելն է։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։