Արեւմտյան փորձագետներն ու լրագրողները զանազան ենթադրություններ են անում՝ փորձելով հասկանալ՝ ինչ նպատակ է հետապնդում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններ զորք զորքի հետեւից ուղարկելով:
Ոմանք չեն բացառում լայնամասշտաբ պատերազմը, մյուսներն էլ խոսում են ամերիկյան նոր վարչակազմի եւ Կիեւի վրա ճնշում գործադրելու, ինչպես նաեւ ներքաղաքական խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձի մասին:
Սակայն բոլորը մի բանում համամիտ են. հասկանալ՝ ինչ են մտմտում Կրեմլում, առայժմ անհնար է:
Los Angeles Times-ը մեջբերում է ամերիկյան վարչակազմի անանուն ներկայացուցչին, որը նշում է՝ «զորաբանակի նմանատիպ խոշոր կուտակումը, թերեւս, ագրեսիվ գործողությունների նախապատրաստում է, թեպետ նրանց մտադրությունների մասին ոչինչ չգիտենք»:
Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ առանձնապես անհանգստացնում է տեղեկությունը, ըստ որի՝ Ռուսաստանը սահմանի մոտ դաշտային հոսպիտալներ է բացում եւ խլացնում ռադիոալիքները:
«Ռուսներն այդպես էլ մինչեւ հիմա կարգին չեն բացատրել՝ ինչի համար են իրենց այդքան ծանրակշիռ եւ խիստ թանկարժեք կուտակումները»,- ասում է Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը:
Wall Street Journal պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները «ստիպված են խուսանավել Ուկրաինային աջակցելու եւ Ուկրաինան իր ազդեցության գոտի համարող Մոսկվայի հետ Արեւմուտքի անմիջական բախում սկսելու ցանկության միջեւ»:
«Արեւմտյան եւ ուկրաինացի պաշտոնյաներն ու փորձագետներն ասում են, որ Պուտինի նպատակը կարող է լինել ուրաինական տարածքների զավթումը՝ Մոսկվայի համար դեպի Ղրիմի թերակղզի ցամաքային միջանցք ապահովելը»,-ընդգծում է պարբերականը:
Սակայն, դրանից բացի, Կրեմլը միաժամանակ փորձում է ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենին, որը ՌԴ նախագահի հանդեպ կոշտ դիրք է գրավել:
«Միշտ դժվար է հասկանալ՝ ինչ են ուզում ռուսները, որովհետեւ Պուտինն օպորտունիստ է,- Էստոնիայի պաշտպանության նախկին նախարար Ռիխո Տերասի խոսքերն է մեջբերում Wall Street Journal-ը:- Այդ մարդը ծրագրեր փոխելու աշխարհի չեմպիոն է»:
Շվեդիայի նախկին վարչապետ եւ արտգործնախարար Կարլ Բիլդտն էլ Washington Post-ի սյունակում նշում է. «Ուկրաինա բացահայտ ներխուժումը Արեւելյան Եվրոպայի տարածքում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկը կլինի»: Բիլդտի կարծիքով ուկրաինական զորքերը դիմադրություն ցույց կտան, եւ հնարավոր է՝ ձգձգված ու լարված մարտեր ընթանան:
«Նման գործողությունների համար Արեւմուտքի պատասխանը ծայրահեղ խիստ պատժամիջոցները կլինեն: Օրինակ՝ Ռուսաստանին կարող են վտարել միջազգային ֆինանսական համակարգից: Եթե դա տեղի ունենա, ռուսական տնտեսությունն անգամ Չինաստանն ի վիճակի չի լինի փրկելու»,- ընդգծում է Բիլդտը:
Նա իրադարձությունների զարգացման զանազան տարբերակներ է ենթադրում եւ մյուս փորձագետների պես համաձայնում. «Հստակ իմանալ՝ այս ամենն ինչի կհանգեցնի, միանգամայն անհնար է»: Միաժամանակ Կարլ Բիլդտը հավատացնում է. «Ռուսաստանին պետք է հակազդի մի միասնական եւ հզոր դիվանագիտական ճակատ»:
«Պուտինը պետք է հասկանա, որ Ուկրաինայի հանդեպ հետագա ագրեսիան հղի է անդառնալի հետեւանքներով: Սա կարեւորագույն փորձությունն է Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի համար: Խաղասեղանին են դրված ամբողջ մայրցամաքի անվտանգությունն ու կայունությունը»,- եզրափակել է Բիլդտը:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը