Ըստ բրիտանական BBC-ի ռուսական ծառայության՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ է ներկայացրել Գերագույն Ռադա, որով մայիսի 8-ը պաշտոնապես հայտարարվում է Հիշատակի եւ Հաղթանակի օր, իսկ մայիսի 9-ը կնշվի որպես Եվրոպայի օր։ Խորհրդարանն արդեն հայտարարել է, որ իրենք պատրաստ են փաստաթուղթն ընդունելու արագացված ռեժիմով։ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ հաղթանակի օրվա կապակցությամբ։
Կիեւը եւ Օդեսան հրթիռակոծվել են
Ըստ բրիտանական BBC-ի ռուսական ծառայության՝ ՌԴ ԶՈՒ-ն զանգվածային ավիահարվածներ է հասցրել Ուկրաինային: Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ մայիսի 8-ի գիշերը ռուսական ուժերը պատերազմի սկզբից ի վեր ձեռնարկել են ամենազանգվածային հրթիռային հարձակումը: Ըստ Կլիչկոյի՝ բոլոր ԱԹՍ-ները խոցվել են ՀՕՊ համակարգի շնորհիվ: Կիեւի օդային տարածքում ոչնչացվել է ավելի քան 30 անօդաչու թռչող սարք։ Կան ավերածություններ եւ վիրավորներ, զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել: Ուկրաինական կողմի տվյալով՝ օդային գրոհը տեւել է ավելի քան 3,5 ժամ։
Գիշերը հարվածներ են հասցվել նաեւ Օդեսայի մարզին։ Ըստ «Հարավ» միացյալ հրամանատարության տվյալների՝ X-22 տիպի հրթիռներն ընկել են սննդի ձեռնարկություններից մեկի պահեստի եւ Սեւ ծովի ափին գտնվող հանգստի գոտու վրա։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Իսկ մայիսի 7-ի երեկոյան տեսաուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ շաբաթ օրը Խերսոնի մարզի ուղղությամբ ռուսական զորքերի հարվածի հետեւանքով զոհվել է ականազերծման աշխատանքներ կատարող ինը մարդ։ Գլխավոր շտաբի տվյալով՝ ռուսական կողմը նաեւ շարունակում է ֆոսֆորային զինամթերք կիրառել Բախմուտի ուղղությամբ։ Օդեսայում էլ հրթիռակոծության հետեւանքով հրդեհ է բռնկվել Սեւ ծովի ափին գտնվող ձեռնարկություններից մեկի պահեստում։ Օդեսա քաղաքում կան վիրավորներ եւ մեկ զոհ: