ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելն այս պահին գրեթե անհնար է: Ըստ նրա՝ այս պահին չկա որեւէ հնարավորություն, պայման, որը կնպաստի խաղաղության հաստատմանը, բանակցությունների վերսկսմանը, համապարփակ հրադարարին: Գուտերեշը, սակայն, նշել է, որ երկխոսություն կա երկու կողմերի հետ՝ կոնկրետ խնդիրների լուծման համար։
Ուկրաինայում ֆրանսիացի լրագրող է սպանվել
Ըստ ֆրանսիական Le Monde պարբերականի՝ Agence France-Presse գործակալության ուկրաինական ծառայության տեսանյութերի բաժնի համակարգող, 32-ամյա Արման Սոլդինը եւ նրա գործընկերները մայիսի 9-ին 16:30-ին Ուկրաինայի արեւելքում մարտերի թեժ կետերից մեկի՝ Բախմուտ քաղաքի արվարձաններում, Չասով Յար քաղաքի մոտ հրթիռակոծության են ենթարկվել: AFP-ի լրագրողներին ուղեկցելիս են եղել ուկրաինացի զինվորականներ: Խմբի մնացած անդամները չեն տուժել: Ուկրաինայի ՊՆ-ն ցավակցություն է հայտնել Սոլդինի ընտանիքին եւ գործընկերներին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է միջադեպին՝ նշելով, որ լրագրողը փաստերն արձանագրելու համար հակամարտության հենց առաջին իսկ ժամերից առաջնագծում էր: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը եւս անդրադարձել է միջադեպին՝ նշելով, որ աշխարհը «պարտք» է բոլոր այն լրագրողներին, որոնք զոհվել են հակամարտությունը լուսաբանելու ընթացքում:
ՆԱՏՕ-ի բոլոր երկրները կողմ են դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը The Washington Post պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պաշտպանում են դաշինքին Ուկրաինայի անդամակցության գաղափարը, ամբողջ հարցն այն է, թե երբ դա տեղի կունենա։ Ըստ նրա՝ դաշինքն աշխատում է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, որպեսզի երկիրը կարողանա խորհրդային ստանդարտներից անցնել ՆԱՏՕ-ի ստանդարտների: Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ռուսաստանը չի ձգտում ՆԱՏՕ-ի հետ լայնամասշտաբ առճակատման, այլ փորձում է գործել հիբրիդային գործողությունների միջոցով:
Անբարոյական եւ ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ «Այս օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությունը հրապարակային միջոցառմանը մենք համարում ենք անբարոյական եւ ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ, ուկրաինացի ժողովրդի հանդեպ արհամարհանքի դրսեւորում»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը, հայտարարել է, որ Կիեւի ղեկավարությունը բարոյական իրավունք չունի գնահատելու ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին։