Ըստ ամերիկյան Politico պարբերականի՝ Ֆրանսիայի Ազգային ժողովը մայիսի 9-ին կողմ է քվեարկել ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին օրինագծին: Նախագծին կողմ են քվեարկել խորհրդարանում ներկա բոլոր 331 պատգամավորները: Բանաձեւով նաեւ Եվրոպական միությանը կոչ է արվում «Վագներ»-ը դասելու ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
Ըստ Times պարբերականի՝ Ռուսաստանի վրա ճնշումն ավելացնելու նպատակով «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը պաշտոնապես ահաբեկչական կազմակերպությունների ցանկում առաջիկա շաբաթների ընթացքում կներառի նաեւ Մեծ Բրիտանիան: Անդամակցությունը «Վագներ»-ին, մասնակցությունը դրա ժողովներին, ընկերության խորհրդանիշները կրելը եւ ցանկացած աջակցություն Բրիտանիայում կհամարվի քրեական հանցագործություն: «Վագներ»-ը նաեւ ֆինանսական պատժամիջոցների կենթարկվի, եւ ընկերությունը չի կարողանա գումար ստանալ բրիտանական բանկերի միջոցով:
ԵՄ-ն «Վագներ»-ի նկատմամբ արդեն մի շարք պատժամիջոցներ է սահմանել: 2022-ի ապրիլին ԵՄ-ն Ուկրաինայում պատերազմի հետ առնչվող մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինին ներառել է պատժամիջոցների ենթարկված անձանց ցանկում, իսկ 2023-ի ապրիլին «Վագներ»-ն ավելացվել է պատժամիջոցների ենթարկված՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում ակտիվ մասնակցության հետ առնչվող խմբերի ցանկում: «Վագներ»-ն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելը նշանակում է, որ ընկերության հետ առնչվող ցանկացած անձ ահաբեկչության մեղադրանքներով հետապնդման կենթարկվի: