Հայաստանը պետք է ապամոնտաժի «Նեմեսիսի» հուշարձանը՝ Թուրքիային թողնելով ցեղասպանություն իրականացնողներին տեր լինելու հեղինակային իրավունքը: Թուրքերը հենց դա են ասում Հայաստանին՝ այո՛, ցեղասպան են նրանք, թե ոչ, որոնց սպանել են ձեր վրիժառուները, մենք նրանց տեր ենք:
Հուշարձանը պետք է ապամոնտաժել, որովհետև արդեն Թուրքիային ցույց տվեցինք, որ մենք էլ նրանց արածին ենք տեր: Թուրքիան «Նեմեսիսի» դեմ պատերազմով ընդունում է, որ իրավահաջորդն է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածի, մեզ ավելի ի՞նչ է պետք:
Ենթադրում եմ, որ Հայաստանը հենց այնպես չի կանգնեցրել վրիժառուների հուշարձանը, հավանաբար թուրքերի հետ խոսելու մի թեմա կա, որն առաջ տանելու համար պետք է լիներ այս արձանը: Անլուրջ է ասել, թե Փաշինյանը քաղաքապետարանի վրա իշխանություն չունի, բայց տարօրինակ է՝ մենք ունենք մի իշխանություն, որը չի թմբկահարում ցեղասպանությունը, բայց կանգնեցնում է այն նախաձեռնողներին ոչնչացնող հայորդիների հավերժացման հուշարձան:
Ուրեմն պետությունը բան ունի ասելու Թուրքիային, որն ավելի նորմալ լեզվով Թուրքիան չի ուզում լսել:
Մյուս կողմից այն վիճակում, որում գտնվում է Հայաստանը, վրիժառուների հուշարձան կանգնեցնել անդունդի եզրին գտնվող պետականության պարագայում, նշանակում է կա՛մ առյուծի կաթ խմած լինել, կա՛մ էլ գտնվել «կայֆի տակ»: Թուրքիան հավանաբար հենց այս երկու վիճակներն էլ գնահատել է, երբ հայտարարում է, թե «լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե «Նեմեսիսի» հուշարձանը չապամոնտաժվի»:
Ունի՞ Հայաստանը հակաքայլ: Չեմ կարող ասել: Ես լսում եմ աճող էսկալացիայի մասին Փաշինյանի հայտարարությունները ու մտածում եմ՝ մեր պատասխանը «Նեմեսիսի» հուշարձա՞նն է: Կարծես թե Հայաստանը մտադիր էր բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, կարծես թե Հայաստանի համար Ղարաբաղի խնդիր չկա, որը որպես «ոչ հարաբերության օջախ» փակելու վրա այդքան պնդում էր Թուրքիան, ի՞նչ մեղու կծեց այս իշխանություններին:
Ասենք թե համաձայնեցինք, որ հուշարձանով մենք պնդում ենք ցեղասպանության հարցից չշեղվելու նախորդ երկու իշխանությունների վճռականությունը, բայց այն ժամանակ Հայաստանը բոլորովին այլ իրավիճակում էր: Ճիշտ է, մենք չգիտեինք, որ այսօրվանից լավ չէր, բայց հո թմբիրի մեջ էինք: Հիմա ամբողջ աշխարհն է մեզ ասում՝ ավելի լավ չի լինելու, փակե՛ք հայ-թուրքական չկարգավորվող հարաբերությունների թեման, Փաշինյանն ու իր թիմը երբեմն ուղղակի կոկորդ են պատռում հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասով: Ի՞նչ պիտի ծխած լինես այդքանից հետո, որ այդ հուշարձանը կանգնեցնես:
Ավելին՝ Հայաստանն իրեն պետք է պահի քաղաքակիրթ ու հասնի նրան, որ թուրքերն իրենք իրենց տարածքում կանգնեցնեն «Նեմեսիսի» վրիժառուների արձանը՝ որպես Ցեղասպանությունն իրականացնողների ոչնչացման դեմ համամարդկային ակտ: Թուրքական դատարաններում ընդունված նրանց մահապատժի դատավճիռները կան: Սա պետք է լինի Հայաստանի ձգտումը: Որովհետև Թուրքիան վաղ թե ուշ հո ընդունելու է հայերի ցեղասպանությունը:

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: