ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ հրամանագրով չեղարկել է Վրաստանի հետ Ռուսաստանի վիզային ռեժիմը։ Մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնություն մուտք կգործեն ու ՌԴ-ից կհեռանան առանց մուտքի արտոնագրի` իրենց անձը հաստատող վավեր փաստաթղթերի (Վրաստանի քաղաքացու, դիվանագիտական, ծառայողական անձնագրերի, նավաստու գրքույկի, Վրաստան վերադառնալու ճամփորդական փաստաթղթի) հիման վրա։ Պուտինը հրամանագիր է ստորագրել նաեւ ՌԴ-ից դեպի Վրաստան թռիչքների արգելքը չեղարկելու մասին: ՌԴ նախագահի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին 2019-ի հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելվել էր թռչել Վրաստան, իսկ տուրօպերատորներին եւ գործակալներին խորհուրդ էր տրվել չվաճառել դեպի այդ երկիր ուղեգրեր:
Քութայիսի օդանավակայանը ռեկորդային թվով ուղեւորների է սպասարկել
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ 2023-ի ապրիլին Քութայիսի Դավիթ Աղմաշենեբելիի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ներկայում գործում է 5 ավիաընկերություն, ուղեւորահոսքը հասել է օդանավակայանի պատմության պատմական առավելագույնին, տեղեկացնում է Վրաստանի օդանավակայանների միությունը։ Ապրիլին օդանավակայանից օգտվել է 122 հազար 410 ուղեւոր, իսկ նախահամաճարակային տվյալները հետեւյալն են՝ 2019-ի ապրիլին՝ 67 հազար 530 ուղեւոր։
Բացի ուղեւորահոսքից՝ 2022-ի ապրիլին Քութայիսի միջազգային օդանավակայանում թռիչքների թիվը նույնպես մոտեցել է պատմական առավելագույնին։ Ապրիլին օդանավակայանում թռիչքներն աճել են 64%-ով եւ հասել 359-ի։ 2023 թվականի առաջին չորս ամսում Քութայիսի միջազգային օդանավակայանը սպասարկել է 375 հազար 459 ուղեւորի եւ 1213 չվերթ։ Ուղեւորահոսքը 2019-ի համեմատ աճել է 67%-ով, իսկ թռիչքների թիվը՝ 62%-ով։