Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ձեռք բերած տեղեկության համաձայն՝ ադրբեջանական կողմն առաջ է քաշել հավելյալ պայմաններ՝ պահանջելով ստուգել բուժառուներին Արցախից Հայաստան տեղափոխող մեքենաները, ինչպես նաեւ Կարմիր խաչի աշխատակիցների եւ բուժառուների անձնագրերը՝ խախտելով մինչ այդ ձեռք բերված համաձայնությունները։ Մինչդեռ, Արցախի առողջապահության նախարարության տվյալներով, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման:
Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ ապրիլի 23-ին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա՝ Հակարի կամրջի մոտ, անօրինական հսկիչ անցագրային կետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանը արհեստական պատճառաբանություններով խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բնականոն գործունեությունը: Դրանով, ըստ Պաշտպանի, ադրբեջանական կողմը ոչ միայն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, այլեւ կոպտորեն խախտում է շրջափակման ընթացքում ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող անձանց ՀՀ տեղափոխելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։
«Սրանով իսկ Ադրբեջանը ուղիղ անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022-ի դեկտեմբերի 21-ի որոշումը, որով դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը: