ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 11-ին՝ 06:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային եւ ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վարդենիսի զինվորական հոսպիտալից հայտնել են, որ ադրբեջանական կրակոցներից վնասվածք ստացած 3 զինծառայողների վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ վիրավորի մասին։
ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ մայիսի 11-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վնասվածք ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների եւ շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը: «Նման դրսեւորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին եւ պետք է խստագույնս դատապարտվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միեւնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ում հերքել են Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը, ըստ որի՝ հայկական կողմը իբր գործողության է նախապատրաստվում: ՀՀ պաշտպանական գերատեսչությունը Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է որակել: ՀՀ ՊՆ-ն միաժամանակ հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, ըստ որոնց՝ հայկական կողմն իբր կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր: ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ, ինչպես նախորդիվ հայտնել ենք, իրանական անօդաչու թռչող սարքեր չկան»,– ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Ըստ ՀՀ ՊՆ-ի` 10:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: