Շուրջ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի ապրիլի 23-ին, ՀՀ կառավարությունը հաստատեց ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու դրա իրականացման համար նախատեսվող հատկացումների ծավալը: Ըստ այդմ՝ առաջիկա երեք տարիներին Հայաստանում պարեկային ծառայության ու Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծմանն ուղղվելու է շուրջ 15 մլրդ դրամ:
ՀՀ արդարադատության նախարարությունից «Ալիք մեդիա»-ին հայտնեցին, որ այդ գումարից մոտ 8.1 մլրդ դրամը հատկացվելու է ՀՀ պետական բյուջեից, մնացյալը միջազգային գործընկերների աջակցությունն է: Մասնավորապես, այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը հատկացրել է 3.7 մլրդ դրամ, Եվրոպական միությունը՝ 3.1 մլրդ դրամ, Համաշխարհային բանկը՝ 674 հազար դոլար: Համագործակցություն կա նաեւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ:
2020-ին ծախսվել է մոտ 4․3 մլրդ դրամ։ Այս գումարի առյուծի բաժինը՝ 3․9 մլրդ դրամ, ուղղվել է պարեկային ծառայության եւ ՕԿԿ-ի (օպերատիվ կառավարման կենտրոն) ներդրմանը, մոտ 268 մլն դրամ՝ հանրային վստահության եւ հաղորդակցման արշավներին, 90 մլն դրամ՝ ուսումնասիրություններին, մոտ 47 մլն դրամ՝ կրթական ծախսերին։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի գնահատմամբ՝ ներկայիս ճգնաժամային պայմաններում այդ ծախսերն արդարացված չեն, եւ սոցիալական, կրթական, գիտական ծախսերի համեմատ՝15 մլրդն ահռելի թիվ է։
«Հայաստանի պայմաններում դա չափազանց մեծ գումար է, օրինակ՝ ուսումնասիրությունների համար անցած տարի՝ 90 մլն, այս տարի՝ 70 մլն դրամ, բացարձակապես չարդարացված գումարներ են։ Կարելի էր նաեւ օտար մասնագետների ներգրավել, բայց ես կարծում եմ, որ Հայաստանում բավարար թվով իրավաբաններ կան, որոնք, հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը, այդ ուսումնասիրությունները շատ ավելի կարճ ժամանակում եւ շատ ավելի որակյալ կանեին, ու այդքան գումար մսխելու կարիք չէր լինի»,- ասաց Իշխանյանը։
Ըստ նրա՝ Հայաստանում իսկապես ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտություն էր առաջացել, բայց դրանք առաջին հերթին պետք է լինեին կառուցվածքային եւ հոգեբանական․ «ՀՀ-ում ոստիկանությունը՝ որպես իրավապահ կառույց, վաղուց գոյություն չունի, նախկինում այն նախագահին կից էր, այժմ՝ վարչապետին։ Եվ, ըստ էության, այն վարչապետի թիկնազորն է, գործում է նրա ցուցումներով եւ ոչ թե օրենքով։ Մինչդեռ նույնիսկ բռնապետական երկրներում կան ներքին գործերի նախարարություններ։ Դեռեւս ԽՍՀՄ-ից սկսած՝ ոստիկանության աշխատակիցների հոգեբանությունը եղել է ծառայել իշխանությանը, ոչ թե օրենքին, պաշտպանել մարդու իրավունքներն ու հասարակական կարգը։ 2018-ի իշխանափոխությունից հետո ոչ միայն իրավիճակը չփոխվեց, այլեւ հակառակը։ Անցած տարվանից սկսվեց համավարակը, պատերազմի հետեւանքով մենք ունեցանք հսկայական կորուստներ, երկիրը սոցիալական, տնտեսական, հոգեբանական, բարոյական ծանր ճգնաժամի մեջ է, բայց վարչապետի ուշքնումիտքը իրեն կից կառույցների ուժեղացումն է։ Դա ես չեմ կարող «բարեփոխում» անվանել»։
Ավելին՝ Իշխանյանի տեղեկություններով, ոստիկանության անձնակազմն ավելացվում է, եւ ՀՀ-ն ամրապնդվում է որպես «ոստիկանական պետություն»։
Առաջիկայում ՆԳՆ-ի ձեւավորումը, Իշխանյանի կարծիքով, չի լուծի խնդիրը․ «Այստեղ կա մի շատ կարեւոր խնդիր՝ ո՛վ է նշանակելու այդ կառույցում ոստիկանության ստորաբաժանման ղեկավարին։ Ըստ իմ ունեցած տեղեկության՝ նշանակելու է վարչապետը, իսկ դա նշանակում է, որ ձեւականորեն կառուցվածքային փոփոխություն է լինում, բայց էությունը մնում է նույնը»։
Այս տարեսկզբին հանրային քննարկման դրված՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի համաձայն՝ ոստիկանության պետին նշանակելու է ՀՀ նախագահը վարչապետի առաջարկությամբ։ Նախագիծն ընդգրկվել էր կառավարության ապրիլի 8-ի նիստի օրակարգում, սակայն հետո հանվել էր։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի կարծիքով ՆԳՆ-ի ստեղծման մասին նախագիծը ԱԺ-ն կհաստատի մինչեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Նոր նախարարության կազմի մեջ կներառվեն ոստիկանությունն ու միգրացիոն ծառայությունը, ոստիկանությունից դուրս կգան անձնագրային եւ վիզաների վարչությունը, ՃՈ-ի մի մասը, ոստիկանական զորքերը կդառնան ազգային գվարդիա եւ այլն:
«Բավականին մեծ աշխատանք է արվել: Իհարկե, օբյեկտիվ պատճառներով՝ համավարակ, ապա՝ պատերազմ, շատ աշխատանքներ հետաձգվել են։ Խնդիր է դրված փոխելու ոստիկանի նկատմամբ հանրային վերաբերմունքը, բարձրացնելու վստահությունը, որ քաղաքացին ոստիկանին ընկալի որպես իրեն պաշտպանող իշխանության ներկայացուցչի եւ ոչ թե հարկադրանք կիրառողի կամ տուգանողի։ ՆԳՆ-ի ստեղծմամբ կբարձրանա այդ համակարգի հաշվետվողականությունը, քանի որ նախարարը քաղաքական դեմք է եւ պարտավոր է խորհրդարանական երկրում գալ ԱԺ ու պատասխանել պատգամավորների հարցերին»,- ասաց Խաչատրյանը:
Նա չհամաձայնեց, որ բարեփոխումների համար 15 մլրդ դրամ ծախսն արդարացված չէ․ «Անկախ ծախսից՝ այսօր խիստ անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումները, ինչ-որ առումով դա նաեւ ուշացած է»:
Ոստիկանությունն արդեն հրապարակել է 2020 թվականին իրականացված աշխատանքների մասին հաշվետվությունը։ Ըստ այդմ՝ «Չեխ Ավտո» ՍՊԸ-ից ձեռք կբերվի «SKODA OCTAVIA» մոդելի 150 ավտոմեքենա, յուրաքանչյուրը՝ 12.8 մլն դրամով, «GLOCK INTERNATIONAL FZE» ընկերությունը կմատակարարի «GLOCK 19 Gen5» տեսակի 800 ատրճանակ, յուրաքանչյուրը՝ մոտ 225 հազար դրամով։ Պարեկային ծառայության անձնական եւ ավտոմեքենաների տեխնիկական հագեցվածության ու ռադիոկապի համակարգերի, ինչպես նաեւ պարեկի հանդերձանքի ու սպառազինային միջոցների (բացառությամբ զենքի) ձեռքբերման ֆինանսավորը ԱՄՆ-ն է: ԵՄ-ն գնումների գործընթացում կներգրավվի այս տարի։
2021 թվականին է նախատեսված նաեւ Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում օպերատիվ կառավարման կենտրոնների ձեւավորումը, որի համար հատկացվել է մոտ 377 մլն դրամ։ Երեւանում Պարեկային ծառայության եւ Օպերատիվ կառավարման կենտրոնի համար վարչական շենքերի հիմնանորոգման-վերակառուցման ծախսը հաշվարկվել է շուրջ 1 մլրդ դրամ։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զրույցում դրվատանքով խոսեց ոստիկանության բարեփոխումների մասին։ Նրա կարծիքով՝ ամենաարդյունավետ ծախսը կրթությանն ուղղված ծախսն է․ «Իրականում ամենալուրջ փոփոխությունը ոստիկանությունում հենց կրթությունն է: Ապագա ոստիկանի ամենաուժեղ զենքը կրթությունն է լինելու, ոչ թե հրազենը կամ հատուկ միջոցը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին անգամ կրթական ծրագրերի աուդիտ է արվել, այսինքն՝ դրանց ո՞ր մասն է արդի, ի՞նչ գիտելիք է ոստիկանին պետք, որ ակադեմիան չի տալիս, եւ այլն: Շատ աշխատանք է արվել հասկանալու, թե որտեղ քանի պարեկ է պետք։ Օրինակ՝ Երեւանում պարեկություն իրականացնող ոստիկանների թիվը պակասելու է, բայց, վստահ ենք, արդյունավետությունն աճելու է, որովհետեւ թե՛ գիտելիքային վերազինման, թե՛ տեխնիկական հագեցվածության, թե՛ կառուցվածքային, մեթոդական նոր մոտեցումների շնորհիվ ավելի քիչ ոստիկաններ կարող են ավելի շատ գործ անել: Եվ սա երկարաժամկետ առումով շատ օգտակար է նաեւ բյուջեի տեսակետից»:
Իոաննիսյանը նկատեց, որ պարեկների չհարկված («կեղտոտ») աշխատավարձը սկսվելու է 320 հազար դրամից, հարկերը հանած՝ 230 հազար դրամից [ներկայում ոստիկանների չհարկված աշխատավարձը մոտ 230 հազար դրամ է]։ Կախված հաստիքից եւ կոչումներից՝ օրենքով սահմանված հավելումներ կլինեն, ինչը թույլ կտա, իրոք, լավ կադրեր ունենալ․ «Ի վերջո, մարդուն կարելի է գիտելիք տալ, կրթել, բայց ամեն դեպքում ցանկալի է, որ նա բարձր ինտելեկտուալ, ֆիզիկական ու հոգեբանական հատկանիշներ ունենա, նորմալ արժեքներ կրի, օրինակ՝ հակված չլինի անտեղի բռնության կամ ագրեսիայի: Մեզ պետք չէ, որ ոստիկանը լինի մահակ բռնող, այլ պետք է կարողանա օրինականությունն ամրապնդել առաջին հերթին խոսելով, մարդկանց հետ ընկերանալով»։
Շուրջ 20 տարի լրագրության ոլորտում եմ: Լուսաբանում եմ սոցիալ-տնտեսական, քաղաքական թեմաներ: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու եմ: