Վերջերս Վրաստանում էի: Բաթումի ծովափում զբոսնելիս տեսա, որ երեխաների խումբը ծեծում է փողոցային մի շան: Հայաստանում նույնպես տեսել եմ, թե ինչպես են երեխաները հարձակվում շների վրա:
Ծարավ Աղբյուրի մեր բակերում նույնպես քիչ չեն փողոցային շները: Ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր հաճախ կոչ են անում «դրանց» մաքրելու փողոցներից, քանի որ կա՛մ ագրեսիվ են, կա՛մ «քցում են քաղաքի տեսքը»: Իսկապես, հաճախ կարելի է լսել, որ շները հարձակվում են մարդկանց վրա:
Այս տարվա փետրվարին Փարիզում էի: Այդ քաղաքում ես չտեսա որեւէ անտեր շուն, թեպետ Փարիզի փողոցներում լիքն էին շները: Բայց ինչո՞ւ են շները հարձակվում մարդկանց վրա: Համաձայն եք, թե ոչ, դա շան «մեղքը» չէ: Նա գոյություն ունի ու գոյություն ունի մեր կողքին: Դիցուք, առյուծը, արջը, փիղը, շնաձուկը, ջայլամը, կոալան կամ ավստրալական վայրի շները մեր կողքին չեն ապրում: Եթե անգամ ապրեին, կրկին նրանց «մեղքը» չէր լինի մարդկանց վրա հարձակվելը. մենք մտել ենք նրանց տարածքներ:
Հաճախ կարելի է լսել, որ այս կամ այն տան բակում հայտնաբերվել է թունավոր օձ: Օձն ի՞նչ գործ ունի տան բակում: Գործ ունի: Որովհետեւ մենք մեզնով ենք բնակեցնում նրանց կենսական տարածքները: Բայց շան կամ կատվի մասին հնարավոր չէ ասել, թե մենք մտել ենք նրանց կենսական տարածքներ, շներն ու կատուները ընտանի կենդանիներ են, ինչպես ձին, կովը, խոզը, ոչխարը, այծը, նույնիսկ գոմեշը կամ ցուլը: Թեպետ այդ կենդանիներից ոչ մեկին ագրեսիան խորթ չէ:
Ի՞նչ է նշանակում «դրանց» մաքրել փողոցներից: Էսթետիկ հա՞րց ենք լուծում: Թող այդպես լինի: Բայց ինչպես՝ վերացնելո՞վ: Բոլոր բարբարոսությունները «խաղացել» էինք, դա՞ էր մնացել: Շունը իրավունք չունի ապրելու փողոցում, ինչպես մարդը: Որովհետեւ շունն իր էությամբ հարազատացող է, նա կարող է սիրել, կարող է մխիթարել, կարող է զբաղեցնել, կարող է լինել միայնակների ընկեր: Նույնը վերաբերում է կատվին: Նույնիսկ գիշատիչ կենդանիներն ունեն թվարկված հատկությունները, բայց նրանք բոլոր դեպքերում գիշատիչ են, ահա ինչու պետությունը նրանց խնամում է հատուկ արգելոցներում կամ կենդանաբանական այգիներում:
Դրսում ինչո՞ւ են շներին ու կատուներին խնամում սեփական բնակարաններում: Որովհետեւ ձեւակերպել են, որ նրանց անզորությունը հրապարակային է, եւ շներին վերացնելով այդ անզորության դեմ չես կռվի: Բացի դրանից՝ նրանց սերը մաքուր է՝ ի տարբերություն մարդու սիրո: Նրանք կարող են սիրել առանց հետին մտքի: Բայց երբ շունը փողոցում է, նա նաեւ աղբ է քրքրում, ինչը հակահիգիենիկ է, ու որ սարսափելի է, դա նրա ընտրությունը չէ, այլ վերջին հույսը:
Երբ մարդը ընկնում է փողոց, նա բոլոր դեպքերում ունի ոտքի կանգնելու կամք, նա ունի գործունեություն ծավալելու վճիռ: Ծայրահեղ դեպքում փողոց ընկնելը կարող է լինել մարդու ընտրությունը: Փողոցը շան ընտրությունը չէ: Որպեսզի հասկանաք, թե ինչի մասին է խոսքը:
Ահա ինչու պետությունը պետք է մտածի շների մասին: Փողոցային, ոչ «породистый» շուն կամ կատու պահողները պետք է ունենան որոշակի արտոնություններ: Պետության խնդիրն է մտածել մարդասիրական ճանապարհներ վերացնելու համար «փողոցային շուն» հասկացությունը առանց փողոցային շներին վերացնելու: Պետությունը պիտի ամաչի, որ փողոցներում կան անտեր շներ: Անտուն շունը ցուցիչ է, թե ինչ հանցագործություններ կարելի է սպասել տվյալ ժողովրդից, որովհետեւ դա խոսում է մարդու անտարբերության մասին, որից ինչ ասես սպասելի է:
Մենք, իհարկե, վերջերս տեսանք, թե շուն պահողն ինչ դաժանությամբ էր վերաբերվում այդ կենդանուն: Ոչ ոք նրան չի պարտադրել, որ ինքն իր կամքին հակառակ շուն պահի: Գուցե շունը հենց այն միջոցն էր, որով այդ երիտասարդն իրացնում էր իր դաժանությունը առանց պատժի հավանականության: Հայաստանում մայրերն էլ են ծեծում իրենց երեխաներին՝ համոզված լինելով, որ դրա համար չեն պատժվի: Որովհետեւ ինչքան հեշտ է ծեծել չդիմադրողին: Իսկ ինչո՞վ է տարբերվում անտեր շունն այդպիսի «տիրոջ» երեխայից:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: