ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է մայիսի 11-ին հայ-ադրբեջանակայն սահմանային գոտում արձանագրված ռազմական բախումներին: ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը, պատասխանելով մայիսի 11-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռազմական բախումներին առնչվող լրագրողների հարցերին, կոչ է արել կողմերին մայիսի 14- ին Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ համաձայնության գալու սահմանի երկայնքով ուժերի հեռացման վերաբերյալ:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը դիտարկում է գալիք բանակցությունները Բրյուսելում որպես վաշինգտոնյան բանակցությունների շարունակություն, ամերիկացի դիվանագետը պատասխանել է, որ ԱՄՆ-ում զգացել են, որ երկու երկրները հնարավորություն ունեն ներգրավվելու որոշ ծանր հարցերի շուրջ, ընկալելու միմյանց տեսակետները: «Հավատացած ենք՝ երկարատեւ առաջընթացի ուղին կլինի շարունակական: Կարծում ենք, որ առկա է խաղաղ կարգավորում խնդիրներին: Ահա թե ինչու մենք՝ պետքարտուղարից մինչեւ ստորին օղակի դիվանագետներ, շարունակել ենք այդքան խորապես ներգրավված լինել այս հարցում: Ես, սակայն, չեմ պատրաստվում առաջ ընկնելու այս բանակցություններից»,- հայտնել է Վեդանտ Պատելը:
Պատելը նշել է, որ պետքարտուղարությունը կշարունակի խորապես ներգրավված մնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության այս շատ կարեւոր խնդրի կարգավորմանը: Նա հավելել է, որ բանակցություններն արդյունավետ էին եւ հիմք դրեցին նոր բանակցությունների շարունակությանը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարի Զախարովան կասկածի տակ էր դրել պետքարտուղարի լավատեսությունը Վաշինգտոնի հանդիպման արդյունքների վերաբերյալ ու մատնանշել, որ եռակողմ համաձայնությունից դուրս գործընթացը տապալված է: