Մասնագետներն ահազանգում են, որ Սարսանգի ջրամբարն օրեցօր մոտենում է կրիտիկական վիճակին: Ադրբեջանի պարտադրած պայմաններում, երբ հունվարի 9-ից Բերձոր-Աղավնո հատվածում չի գործում Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագիծը, արցախցիները ստիպված են էլեկտրաէներգիայի սեփական պահանջարկն ապահովել այս ջրամբարի հնարավորությամբ, ինչի հետեւանքով Սարսանգի ջրամբարում երբեք այսքան քիչ ջուր չի եղել: Հակառակ չորային եղանակին, երբ ջրամբար ջրի մուտքը նախորդ տարվա համեմատ կրկնակի քիչ է, ՀԷԿ-ը երեք անգամ ավելի շատ ջուր է օգտագործել: Սարսանգի ջրային պաշարները հասել են մոտ 88 միլիոն խորանարդ մետրի, ինչը ընդհանուր ջրատարողունակության 15%-ն է, այսքանից 70 միլիոն խորանարդ մետրը համարվում է մեռյալ ծավալ, որը ենթակա չէ օգտագործման:
Սարսանգ ՀԷԿ-ի պետ Գրիգոր Գրիգորյանն «Առաջինի լրատվական ալիք»-ին հայտնել է, որ 2023-ի հունվարի 9-ին Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակը եղել է 704,80 նիշը, իսկ հիմա ջրամբարի ջրի մակարդակը 671,50 է: Այսինքն՝ 35 մետր ջրամբարի ջուրն իջեցվել է, ծախսվել է 312 միլիոն խորանարդ մետր ջուր: Ըստ նրա՝ ջրամբարն այսքան չէր դատարկվի, եթե ադրբեջանական կողմը չխոչընդոտեր Հայստանից-Արցախ էլեկտրագծի նորոգումը: Ու սա այն դեպքում, երբ Արցախը ոռոգման նպատակով ջուր էր տալիս Ադրբեջանին: Ստեղծված իրավիճակում Սարսանգ ՀԷԿ-ին բաժին է ընկնում սպառվող էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 70 %-ը: Ըստ մասնագետի՝ Սարսանգի դատարկվելն անխուսափելի է դարձնում շրջակայքի աղբյուրների չորացումը:
Արցախի բնապահպանության կոմիտեի ջրային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Գոհար Գրիգորյանն էլ նշել է, որ ստորերկրյա ջրերի սնուցման մեջ կարեւոր դեր ունի նաեւ ջրամբարից ինֆիլտրացիան՝ ջրերի ներծծումը հողային միջավայր, այդտեղից էլ՝ սնուցումը ստորերկրյա ջրային աղբյուրներ: Արցախի բնապահպանության կոմիտեի ղեկավարի տեղակալ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Հայրապետյանի համոզմամբ՝ Ադրբեջանը կեղծ բնապահպանական պահանջով իրական բնապահպանական աղետ է ստեղծել Արցախում: «Էկոակտիվիստը երբեւիցե այս քայլին չէր գնա»,- շեշտել է Հայրապետյանը: Պաշտոնյան չի բացառել, որ առաջիկայում Բաքուն օրակարգ կբերի Սարսանգից ջուր չստանալու հարցը: