Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանում տնտեսական գործընթացները շարունակում են անակնկալ մատուցել։ Դեռ չէինք հասցրել մարսել այն իրողությունը, որ մեր տնտեսությունն արդեն մեկ տարի է՝ երկնիշ թվով է աճում, որ արտահանումն էլ եռանիշ՝ 270 տոկոսանոց աճ է ունենում, տեսնում ենք, որ առեւտրային հարաբերություններում առաջին պլան են եկել երկրներ, որոնք մինչ այդ մեր վիճակագրության մեջ առանձնապես չէին նկատվում։
Խոսքը վերաբերում է Արաբական Միացյալ Էմիրություններին, որը դարձել է Հայաստանի երկրորդ առեւտրային գործընկերը Ռուսաստանից հետո։ Այսինքն՝ մեր երկիրը Ռուսաստանից հետո ամենաշատ առեւտուրն անում է Էմիրությունների հետ։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի եւ ԱՄԷ-ի առեւտրաշրջանառությունը եղել է շուրջ 300 մլն դոլար՝ աճելով ավելի քան 10 անգամ անցած տարվա 29,6 մլն դոլարի փոխարեն։ Ընդ որում՝ դրա գերակշիռ մասը՝ 288,7 մլն դոլարը, եղել է Հայաստանից դեպի այդ երկիր արտահանումը. այն դեպքում, երբ անցած տարի այդ ցուցանիշը եղել է ընդամենը 21 մլն դոլար։ Այսինքն՝ հունվար-մարտին Հայաստանից ԱՄԷ արտահանումն աճել է 13,2 անգամ։
Ավելին՝ պարզվում է, այդ երեք ամիսներին միայն Էմիրություններ արտահանումն ավելի շատ է եղել, քան Եվրոպական միության բոլոր երկրներ միասին։ ԵՄ արտահանվել է 185,4 մլն դոլարի ապրանք, շուրջ 100 մլն-ով պակաս, քան միայն ԱՄԷ։ Այնպես չէ, որ այս ուղղությամբ արտահանումը նվազել է, մոտ 7 մլն դոլարով ավելացել է, պարզապես դեպի ԱՄԷ թռիչքային աճ է եղել։
Եվ հարց է առաջանում՝ այդ ինչ ենք արտահանել, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի տրամաբանությամբ «վագրի թռիչք» է գրանցվել։ Պարզվում է՝ արտահանման շուրջ 90 տոկոսը եղել են թանկարժեք քարերն ու մետաղները։ Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել նաեւ Վիճակագրական կոմիտեից, բայց պատասխանեցին, որ գերատեսչությունը ապրանքների եւ երկրների վերաբերյալ մանրամասն տվյալներ հրապարակում է միայն տարվա կտրվածքով։ Այսինքն՝ եռամսյակի կամ կիսամյակի տվյալները չի հրապարակում։
Բայց Վիճակագրական կոմիտեի տվյալներով նույն երեք ամիսներին «թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ» ապրանքախմբի արտահանումն ավելացել է 4 անգամ։ Ավելին՝ գրեթե նույնքան ավելացել է նաեւ դրանց ներմուծումը։ Այսինքն՝ ներմուծվել է, հետո՝ արտահանվել։ Իսկ քանի որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո ՌԴ-ի հետ մեր առեւտրաշրջանառությունն է աճել, ու դա հիմնականում տեղի է ունեցել վերաարտահանման շնորհիվ, այստեղ էլ հակառակ երեւույթն է տեղի ունեցել։ ՌԴ-ից մեր երկրի միջոցով ոսկի եւ թանկարժեք քարեր են արտահանվել այնպես, ինչպես Ադրբեջանի միջոցով գազ է վերաարտահանվում։
Հիշեցնենք, որ անցած տարի՝ ռուս-ուկրաինական պատերազմից անմիջապես հետո, թռիչքային նման աճ էինք արձանագրել Թուրքիայի հետ առեւտրաշրջանառության մեջ։ Նորից կտրուկ ավելացել էր «թանկարժեք քարեր ու մետաղներ» ապրանքախմբի արտահանումը։ Տեղեկացանք, որ ավելացել է հատկապես ոսկու արտահանումը։ Այս տարվա հունվար-մարտին Թուրքիայի հետ առեւտուրը նվազել է, ուրեմն կարելի է ենթադրել, որ այս ապրանքներն այդ երկրի փոխարեն արտահանվում են Էմիրություններ։
Ի դեպ, անցած տարի հրապարակում եղավ, որ իրականում ոսկին ոչ թե Թուրքիա, այլ Թուրքիայով Էմիրություններ է արտահանվել։ Նշանակում է՝ այս տարի արդեն միանգամից են տեղ հասցրել։ «Եթե նայեք չմշակված ոսկու գծապատկերը, ապա արտահանումը սկսվել է անցած տարվա մայիսից՝ հիմնականում Թուրքիա, որից հետո սրա վերաբերյալ ԶԼՄ-ներում անհանգստություն եմ բարձրացրել, հետո դադարել եւ միանգամից օգոստոսից գնացել է ԱՄԷ»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է տնտեսագետ Աղասի Թավադյանը։
Անցած տարի հրապարակված տեղեկությունների համաձայն՝ այդ ապրանքը Թուրքիա էր արտահանել Արցախում գրանցված «Գոլդեն հերիթիջ» ՍՊԸ-ի՝ Երեւանում գտնվող «Կենտրոն» մասնաճյուղը: Ընկերության հիմնական սեփականատեր Վիտալի Գրիգորյանցը ռուսաստանաբնակ գործարար է, եւ այդ ընկերությունը ոսկու բիզնեսում երկար տարիների փորձ ունի։ Ամենայն հավանականությամբ այս տարի էլ նա է արտահանել։
«Ենթադրում եմ՝ նորից արտահանումն էլ պատժամիջոցներից խուսափելու համար է Հայաստանի միջոցով արվում»,- ասում է մեկ այլ տնտեսագետ՝ Էմիլ Ստեփանյանը։
Աղասի Թավադյանը հավելում է, թե 2022 թվականին դեպի ՌԴ տրանսպորտային միջոցների եւ տեխնիկայի արտահանումը ավելացել է 10 անգամ՝ կազմելով մեր ընդհանուր արտահանման 20 տոկոսը։ Իսկ դեպի ԱՄԷ ոսկու, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի արտահանումն աճել է 15 անգամ, որը մեր ընդհանուր արտահանման 5-6 տոկոսն է։ Անցած տարի ՌԴ-ից ներկրվել է 209 մլն դոլարի ոսկու փոշի, գրեթե նույնքան՝ 204 մլն դոլարի ոսկի արտահանվել է ԱՄԷ։ Նույնն էլ այս տարի է շարունակվում եւ կշարունակվի, քանի դեռ չի ավարտվել ռուս-ուկրաինական պատերազմը, եւ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվել։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։