Հայկական մամուլը բրյուսելյան հանդիպման թարմ հետքերով «ադրբեջանական նարատիվ» է բնորոշել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի «նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչություն» ձեւակերպումը։
Եթե հիշողությունս չի դավաճանում, նախորդ եռակողմ բանակցություններից հետո նա օգտագործել էր «Ղարաբաղի էթնիկ հայեր» բառակապակցությունը։ Ինչ է դա նշանակում՝ հավելյալ մեկնաբանության կարիք չկա։ Կարծում եմ՝ «նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչություն» ասվածն ամենեւին էլ ադրբեջանական նարատիվ չէ։
Փորձեմ հիմնավորել։
Նախ՝ «նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչություն» եւ «Ղարաբաղի էթնիկ հայեր» բնորոշումները նույնը չեն։ Էթնիկ հայը որեւէ տարածքի հետ պատմական–քաղաքակրթական կապվածություն չունի։ Իսկ նախկին ԼՂԻՄ-ի բնակչությունն ունի։ Ինքնավար Լեռնային Ղարաբաղի կազմավորման մասին Ադրբեջանի Կենտգործկոմի 1923 թվականի հուլիսի 7-ի Դեկրետը հստակ սահմանում է, որ պետականության կարգավիճակ տրվում է «Ղարաբաղի հայկական մասին»։ Ընդ որում, հատուկ ամրագրվել է, որ հողը եւ բնական մյուս հարստությունները «մնում են որպես ներկայիս տերերի սեփականություն»։
1991-ի նոյեմբերի 25-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը լուծարել է Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը։ Երեք օր անց ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեն (փաստացի՝ Սահմանադրական դատարանը) այդ ակտը ճանաչել է հակաօրինական։ Որոշումն առանց առարկության ստորագրել է նաեւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը։ 1992-ի մարտի 24-ին, երբ ԵԱՀԽ Նախարարների կոմիտեն կազմավորել է Մինսկի խումբը, որոշման մեջ տեղ է գտել նաեւ ձեւակերպում, որ ԼՂ կարգավիճակի հարցով Մինսկի համաժողովին որպես շահագրգիռ կողմ կհրավիրվեն նաեւ Լեռնային Ղարաբաղի ընտրված եւ այլ ներկայացուցիչները։ Այդ որոշմանը կողմ է քվեարկել նաեւ Ադրբեջանը։
Ըստ էության, դա բխում է Լեռնային Ղարաբաղի ինքնավարության լուծարումը հակաօրինական ճանաչող՝ ԽՍՀՄ Սահմանադրական կոմիտեի որոշումից եւ իրավական առումով նշանակում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու իրավասություն չունի։ Հայտնի է, որ 44-օրյա պատերազմից հետո Իլհամ Ալիեւը պնդում է, որ «չկա Լեռնային Ղարաբաղ, չկա ԼՂ հարց»։ Եվ հանկարծ Եվրոպայի խորհրդի նախագահը հիշեցնում է, որ կա «նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչություն», որի հետ Բաքուն պետք է «դրական օրակարգով երկխոսություն սկսի»՝ միջազգային ներգրավվածությամբ։
Եթե Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են ԱՊՀ կազմավորման Ալմաթիի Հռչակագրի հիմքով, ապա զուտ իրավական առումով Բաքուն այն ստորագրել է՝ իր կազմում ունենալով հինգ շրջանից բաղկացած Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ։ Դրեք այդ պահի քարտեզը, այնտեղ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի ամբողջական տարածքից առանձնացված է։ Վերցրեք նոյեմբերի 10-ին ՌԴ նախագահի ստորագրած եւ Դաշնային խորհրդի կողմից վավերացված հրամանագիրը եւ կկարդաք․ «Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ առաքելություն իրականացնելու մասին»։
Ու երբ Միշելն ասում է «նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչություն», իրավական իմաստով հետեւում է, որ գոյություն ունի նաեւ նախկին ԼՂԻՄ տարածք։ Իսկ տարածքի եւ բնակչության փոխկապակցվածությունից բխում է վարչատարածքային եւ քաղաքակրթական ու քաղաքական սուբյեկտություն։ Այդ հարցն էլ հասցեագրվում է միջազգային համագործակցությամբ եւ դրական օրակարգով Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը։
Դիվանագիտական խոսույթն, իհարկե, միշտ «տարընթերցման» տեղ թողնում է։ Բայց ի սկզբանե ասել, որ Միշելը «զարգացրել է ադրբեջանական նարատիվ», նշանակում է սահմանափակել սեփական «ընթերցման» հնարավորությունը։ Մինչդեռ պետք է ավելի ընդգրկուն մեկնաբանություն տալ, տեղեկատվա-քարոզչական դաշտ ստեղծել, հայկական դիվանագիտությանը, հատկապես պաշտոնական Ստեփանակերտին ուղղորդել թեկուզ նվազ, բայց առարկայական ձեռքբերումների հասնելու քայլերի։
Այդպես հնարավոր չէ՞, անիմա՞ստ է փրփուրներից կառչել։ Իսկ ձեռքերը վեր պարզել եւ հանձնվել կարելի՞ է։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։