Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որով համաշխարհային ժողովրդավար ուժերին կոչ է արվում ավելի եռանդուն եւ արդյունավետ գործունեություն ծավալելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներին Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի շրջափակումից ազատելու հարցում: Ըստ այդմ, ժողովրդավարական երկրները կարճաժամկետ հեռանկարում պետք է օգտագործեն միջազգային կառույցների՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լծակները, որպեսզի օգնեն կիրառելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ գործնականում ապահովելով Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերացումը: Շեշտվում է, որ ԼՂ-ում մարդու իրավունքների խախտումները կարող են լուծվել միայն ժողովրդավարական ուժերի շատ ավելի ակտիվ ներգրավվածության եւ հարկադրող ջանքերի միջոցով:
Միջազգային տրիբունալների պարտադիր որոշումներն անարդյունավետ են
Ոչ պարտադիր քաղաքական հանձնարարականները, ըստ զեկույցի, մեծ նշանակություն չեն ունեցել Ալիեւի կառավարության համար: Նույնիսկ միջազգային տրիբունալների պարտադիր որոշումներն անարդյունավետ են: Ադրբեջանը չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, եւ այդ չկատարված գործերի գրեթե 40 տոկոսը վերաբերում է հակամարտությանը: «Ամբողջ աշխարհի ժողովրդավարներն արդեն արտահայտել են իրենց մտահոգությունը Բաքվի գործողությունների հետեւանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, միջազգային կառույցներն ավելի ու ավելի հաճախ են միջամտում: Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին հանձնարարել է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները»՝ ապահովելու մարդկանց, փոխադրամիջոցների եւ բեռնատարների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։ Սակայն Ադրբեջանի կառավարությունը ոչ միայն պահպանել է շրջափակումը, այլեւ օրինականացրել է այն»,- ասված է Freedom House-ի զեկույցի մեջ։
Ագրեսորը նախընտրում է սպանել կամ վտարել, քան ճանաչել ԼՂ բնակիչների հիմնարար իրավունքները
Նշվում է, որ 2020-ի հրադադարը ԼՂ-ի բնակիչներին թողեց ադրբեջանական զինուժի շրջապատման մեջ եւ ռուս խաղաղապահների կասկածելի պաշտպանության տակ։ Զեկույցում ԼՂ ներկա ճգնաժամը մարդասիրական որակելով՝ իրավապաշտպան կազմակերպությունը շեշտել է, որ հիմնական հակասությունն իր հայրենի հողում ազատություն եւ ինքնակառավարում փնտրող մարդկանց համայնքի եւ ավտորիտար ագրեսորի միջեւ է, որը նախընտրում է սպանել կամ վտարել նրանց, քան ճանաչել նրանց հիմնարար իրավունքները: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմը հայտնի է միջազգային պատասխանատվության մեխանիզմների անտեսմամբ։ 2020-ի նոյեմբերին՝ հրադադարի մասին հայտարարության ստորագրումից անմիջապես հետո, ադրբեջանական ուժերը գրավեցին եւս երկու գյուղ, իսկ ավելի ուշ՝ նաեւ ԼՂ-ի Փառուխ գյուղը։ Անցյալ սեպտեմբերին ադրբեջանական զինուժը հարձակում գործեց Հայաստանի ներսում գտնվող դիրքերի վրա՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս»,- ասված է զեկույցում:
Պարտադրող գործողությունները Բաքվին հետ կպահեն ՀՀ-ի հետ ռազմական սրացումներից
Ըստ միջազգային իրավապաշտպան կենտրոնի՝ իմաստալից պարտադրող գործողությունները կարող են նաեւ Բաքվին հետ պահել Հայաստանի հետ սահմանի երկայնքով ռազմական սրացումներից, որոնց նպատակն է Վաշինգտոնի եւ Բրյուսելի աջակցությամբ Երեւանի հետ անցկացվող բանակցություններում ձեռք բերել տարածքային զիջումներ: «Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հակամարտության պատմությունը բարդ է եւ ողբերգական երկու կողմերի համար: Այնուամենայնիվ, բոլոր ազգերի շահերից է բխում պաշտպանել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մերժել ռազմական ագրեսիան եւ կանխել խաղաղ բնակչության դեմ վայրագությունները: Մարդկությունը թանկ է վճարում ռազմականացման համար, եւ տարածաշրջանում վեճերի ցանկացած երկարաժամկետ լուծման դեպքում առաջնահերթությունը պետք է տրվի նրա ամբողջ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը»,- եզրափակել է Freedom House-ը: