Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը հայտնել է, որ Երեւանի գործող երթուղային ցանցում 363 շարժակազմով «ԳԱԶել»-ները կփոխարինվեն 143 ավտոբուսներով, սա իր հերթին կբերի երթեւեկության թեթեւացում, ինչպես նաեւ շարժակազմի կրճատման արդյունքում կրճատվելու է օրական տվյալ տրանսպորտային միջոցների վազքը, որն ինքնին տնտեսական էֆեկտ է ունենալու շահագործման եւ սպասարկման ծախսերի վրա: Նշվել է, որ փոփոխությունների արդյունքում մինչեւ սեպտեմբերի 1-ը Երեւանում հին «ԳԱԶել»-ներով սպասարկվող գծերը փոխարինված կլինեն արտերկրից ներկրված նոր ավտոբուսներով:
Ըստ պաշտոնյայի՝ գործող երթուղային ցանցը թվայնացվել է, եւ «ԳԱԶել»-ով սպասարկվող երթուղիների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են կրկնվող գծերի համադրումներ, ինչի արդյունքում ամբողջ շարժակազմը մոդելավորվել է: Առաջին փոփոխությունները, ըստ պաշտոնյայի, Երեւանում կսկսվեն հունիսի 1-ից: Մասնավորապես, N3 եւ N12 միկրոավտոբուսային գազելային երթուղիները կփոխարինվեն 1 ավտոբուսային երթուղիով։ N13 երթուղին եւս կփոխարինվի «Ժոնգ թոնգ» մակնիշի, իսկ N5 ավտոբուսային երթուղին՝ MAN տիպի ավտոբուսներով: Հարությունյանը խոստացել է, որ փոփոխությունները տեսանելի կլինեն յուրաքանչյուր 15 օրը մեկ:
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը հավելել է, որ միաժամանակ կներդրվի նոր երթուղի դեպի «Զվարթնոց» օդանավակայան MAN ավտոբուսներով: 45 րոպե պարբերականությամբ կանոնավոր ուղեւորափոխադրում կկատարվի «Զվարթնոց» օդանավակայան–Իսակովի պողոտա–Հաղթանակի կամուրջ–Մաշտոցի պողոտա–Ֆրանսիայի հրապարակ շրջանաձեւ երթեւեկությամբ։
Տեղեկանք
Դեռեւս 2018-ից երկրի իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խոստանում էին 450 «մահվան գազելները» հիմնավորապես դուրս գրել Երեւանի երթուղիներից: Սակայն արդյունքում միայն 3 տարի անց՝ 2021-ին, հարյուրավոր հին «ԳԱԶել»-ները հանելու փոխարեն ընդամենը մի քանի տասնյակ «Գազել» տեսակի նոր միկրոավտոբուսներ մտան երթուղի: