Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, պատասխանելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյի՝ Ռուսաստան, Ուկրաինա եւ եվրոպական երկրներ ուղեւորության վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ ԵՄ-ում հուսով են, թե Չինաստանը կարեւոր դեր կխաղա Ուկրաինայի իրադրության կարգավորման գործում եւ դրական ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա: Միշելի կարծիքով՝ Պեկինը կարող էր Մոսկվային համոզել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում եւ հարգել ՄԱԿ-ի կանոնադրությունը։
Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Չինաստանն այս դեպքում կարող է կարեւոր դեր խաղալ Ռուսաստանի վրա ունեցած իր ազդեցության շնորհիվ։ Նրա համոզմամբ՝ կարգավորման հարցում առաջին հերթին հարկավոր է լսել ուկրաինական կողմին։ «Խնդիրը լուծելու համար սեղանին առաջարկ կա: Սա նախագահ Զելենսկու առաջարկն է, եւ սրանք այն հիմքերն են, որոնց վրա պետք է աշխատենք»,- ասել է ֆոն դեր Լայենը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը մայիսի 15-ից կայցելի Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա եւ Ռուսաստան՝ բոլոր կողմերի հետ բանակցելու Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական լուծման շուրջ։ Չինաստանը դեռ մարտին ներկայացրել է ուկրաինական կարգավորման`12 կետից բաղկացած իր ծրագիրը։ Չինաստանի արտգործնախարար Ցին Գանը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների հիման վրա եւ շահագրգիռ բոլոր կողմերի մտահոգությունները հաշվի առնելով։